Ծառուկյանի դեբյուտը /ֆոտո, լրացված/
Րոպեներ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը, որը թեեւ ստվերվում է նախագահական ընտրությունների ինտրիգով, այդուհանդերձ, արդեն խոստումնալից է դառնում:
Խորհրդարանի նիստերի դահլիճում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նկատենք, Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել:
Նիստին գրանցվել է հարյուր տասը պատգամավոր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նիստերի օրակարգը:
Ի դեպ, նիստին ներկա է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, որը մի քանի վիրահատություններ էր տարել եւ առողջական խնդիրներով պայմանավորված բացակայում էր նիստերից:
Նկատենք, որ նիստին ներկա չէ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Գագիկ Ծառուկյանը գրանցվել է, մասնակցել քվեարկությանը եւ լքել նիստերի դահլիճը: Եւ մինչ լրագրողները եկան ԲՀԿ առաջնորդից մեկնաբանություններ ստանալու, վերջինս անհետացել է:
Ծառուկյանի խոսնակը` Իվետա Տոնոյանը Henaran.am-ին ասաց, որ Ծառուկյանը դուրս է եկել ԱԺ շենքից: Հարցին` կվերադառնա՞.”Տեղյակ չեմ”.- ասել է խոսնակը: