«Դատը ռազմաբազայում իրականացնելը նման է ուրիշի պատերի ներսում հարսանիք անելուն»
«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի անց գործի շրջանակներում հարցերն ավելի ու ավելի են շատացել: Քրեական գործի ոդիսականը որոշվել է ավելի շատ քաղաքականության, քան արդարադատության ոլորտում»,-այսօր՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի հետո, նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ կասկած հայտնելով՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունակ է ինքնուրույն գործել:
«Ֆուտբոլային լեզվով ասած՝ այս գործի շրջանակներում մենք թույլ տվեցինք, որ ռուսական կողմը զրկի մեզ ինքնուրույն գործողություններից, նույնիսկ մի շարք ինքնագոլեր գրանցեցինք: Ինչ վերաբերում է գործով արտագնա դատական նիստ անցկացնելու որոշմանը, ապա այն ապօրինի է, քանի որ այդ իրավանորմը թույլ է տալիս արտագնա նիստ կազմակերպել բացառապես ՀՀ իրավասության ներքո գտնվող տարածքներում։ Դատական նիստը ռուսական ռազմաբազայի տարածքում իրականացնելը նման է ուրիշի պատերի ներսում հարսանիք անելուն»,-նկատեց փաստաբանը՝ ընդգծելով , որ ռուսական միջավայրում հայկական արդարադատությունն անկաշկանդ գործել պարզապես չի կարող:
Նորայր Նորիկյանի խոսքով` ՀՀ իրավապահ մարմինների մեկամյա աշխատանքը պետք է գնահատել անթույլատրելի և սխալ:
«Հայաստանն այս ընթացքում չկարողացավ իրականացնել իր գործիքակազմերը, հանցագործության առաջին օրերին ՀՀ իշխանությունների գործողություններում նկատելի էին ցայտնոտն ու իրավիճակային քայլերը։ Մինչդեռ առավել քան հստակ է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը պետք է պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ մինչ այդ՝ դատական բոլոր նիստերը պետք է տեղի ունենան հայաստանյան դատարանում»,- եզրափակեց Նորայր Նորակյանը: