30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ալիևը բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ջանքերը»․ Հ. Նաղդալյան

Ադրբեջանի նախագահ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ արդյունք չի տվել` պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, միաժամանակ նշելով, սակայն, թե` ,,2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը,,:

Ադրբեջանի նախագահի հերթական` իրար հակասող հայտարարությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.

 

– Ալիևի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, և այդ լարումը իր նպատակներից է բխում: Սա առավել քան ցինիզմ է, հատկապես  վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող ,,Բռնության էսկալացիա..,, վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ և զոհեր`  հայ և ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու:  Ասենք ավելին` Ալիևը այս կերպ նաև բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Նա այդ ջանքերը համարում է միայն միջնորդների պարտականությունը, այն դեպքում, որ հանրահայտ է`կոնֆլիկտի կարգավորման պարտավորությունը կողմերի վրա է, և միջնորդներն այստեղ ընդամենը միջավայր ձևավորող միջնորդական գործողություններ իրացնող են: Այսինքն` սրանով Ալիևը անուղղակի կերպով ընդունում է, որ ինքը շահագրգռված չէ խաղաղությամբ, որ ինքն է այդ սադրանքների հեղինակը:

2015 թվականը իր բնույթով, համարյա կրկնում է վերջին 4-5 տարիները, որոնց ընթացքում Ադրբեջանը հասկանալով, որ դիվանագիտական դաշտում և ազգերի ինքնորոշման իրավունքի հաստատման պայքարում տանուլ է տալիս` գիտակցեց, որ Մինսկի խմբի սկզբունքները , որոնց նա սկզբում համաձայնություն տվեց, այնուհետև սկսեց հրաժարվել դրանցից, իսկ հետո էլ` տորպեդահարել, չեն բերելու իր ուզածին, այլ, թեկուզ դանդաղորեն , քայլ առ քայլ, բայց հետևողականորեն բերելու են Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը:

 

Ադրբեջանի նախագահը հոխորտում է ` մոռանալով, որ աշխարհում գոյություն ունեն նաև խաղաղություն պարտադրելու նախադեպերը, ինչպես նաև , երևի թե մոռացել է ` ինչպես էր իր հայրը զինադադար խնդրում: Մոռացել է  նաև, որ այս տարիների ընթացքում եղել են նաև Մինսկի խմբի համանախագահողների թվով 5  հայտարարություններ, որոնք համարյա ուղիղ տեքստով մատնանշում են` ով է զինադադարի խախտողը, ով լարվածություն հրահրողը, ով է, որ շահագրգիռ չէ խաղաղության հարցում և ում վրա է անհրաժեշտ ճնշումների գործադրումը:  Ադրբեջանը, կարծում եմ, շատ լավ գիտի նաև, որ Հայոց բանակը յուրաքանչյուր իրենց քայլին  համարժեք և մի քանի անգամ ավելի ծանր պատժամիջոցներ է կիրառում և հակահարվածներ տալիս ու տալու է ու կարողանալու է խաղաղություն պարտադրել: Այնպես որ,  մի’ ոգևորվեք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ