Քննվում են ընտրական խախտումների փաստերով 25 քրգործեր
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 ամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականիդեկտեմբերի 30-ի դրությամբ քննվում են 25 քրեական գործեր, որոնցից մեկը, ինչպես արդեն նշվել է՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էդատարան: