26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը կողմ է սրտացավ քննադատությանը /վիդեո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի լրագրողներ, գործընկերներ,

Յուրաքանչյուր Ամանոր ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հանդիպում եմ մեր հանրության տարբեր ներկայացուցիչների հետ՝ միասին քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրելու եկող տարվա անելիքները։

Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը  լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են՝ միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար և ինձ համար է կարևոր, և, հույս ունեմ, նաև ձեզ համար։

Այսօր՝ տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից և նաև քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ և փաստարկված։ Այո, երբեմն նաև դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված և որևէ փաստից զուրկ հրապարակումների և ոչ միայն ինձ առնչվող։ Անգամ իմ ամենաարմատական  ընդդիմախոսի հասցեին սուբյեկտիվ և ուղղորդված հրապարակումը, վստահեցնում եմ ձեզ, երբևէ ինձ չի ուրախացրել։ Նման հրապարակումները, ցավոք, ստվեր են գցում մեր մամուլի վրա, որը ես համարում եմ անկախության մեր ամենամեծ նվաճումներից մեկը։

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստահ կարող եմ ասել, որ արդար, փաստարկված, անաչառ քննադատությունն անչափ անհրաժեշտ է ցանկացած իշխանության՝ միշտ զգոն լինելու և հանրության զարկերակն զգալու համար։

Ես ինքս մշտապես հետևություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից։ Քաղաքական գործչի ուժը նաև նրանում է, որ կարողանա ճիշտ և սթափ հետևություններ անել սրտացավ, գրագետ քննադատությունից, որից քաղաքական գործիչը դառնում է շատ ավելի ուժեղ։ Հայտնի խոսք կա՝ երկիրը վերահսկողն օրենքներն են։ Օրենքների կատարման  վերահսկողը քաղաքական գործիչներն են։ Քաղաքական գործիչներին վերահսկողը հանրությունն ու հասարակական կարծիքն է։ Իսկ հասարակական կարծիք ձևավորում է միայն անաչառ և պրոֆեսիոնալ մամուլը։ Ահա որքան կարևոր է ձեր առաքելությունը։ Պրոֆեսիոնալ և սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ Ուժ, որը նաև կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ։

Սիրելի լրագրողներ,

Վստահեցնում եմ, որ ձեր մատնանշած որևէ խնդիր երբեք չի վրիպել իմ ուշադրությունից։ Իմ աշխատանքային օրն սկսվում է ձեր հրապարակումներին  ծանոթանալով։ Ու շնորհակալ եմ, որ ձեր բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, որոնք վեր են հանել իրապես խորքային մի շարք պրոբլեմներ, օգնել են ինձ՝ որպես վարչապետի դրանց օպերատիվ լուծում տալու։ Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը մենք շարունակելու ենք միմյանց օգնելով, շարունակելու ենք միմյանց լսելով և վստահելով, քննադատելով, բայց ոչ երբեք չարախնդալով, վեր հանելով իրական պրոբլեմը, բայց ոչ երբեք մտացածին, չփաստարկված լուրը դարձնելով օրվա սենսացիա։

Մեր երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին բազմաթիվ զգայուն խնդիրներ ունի։ Եվ այսօր, առավել քան երբևէ, ամեն մեկս մեր տեղում պետք է կրկնապատկված պատասխանատվությամբ վերաբերվենք մեր կատարած աշխատանքին։ Յուրաքանչյուր անզգույշ ասված ու գրված խոսք կարող է անդառնալի վնաս հասցնել։ Մտածենք այդ մասին։ Մտածենք, որովհետև ես հավատում եմ, որ դուք բոլորդ սիրում եք մեր երկիրը, և մեր բոլորի նպատակը մեկն է՝ արդար, բարեկեցիկ ու քաղաքակիրթ աշխարհում մրցունակ երկիր ունենալը։

Շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Անկեղծորեն հավատում եմ, որ միասին մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ