27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրախության համար կախարդական գավազան է պետք. երգչուհի

Henaran.am-ի զրուցակիցն է երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիետա Բադալյանը:

Տիկին Բադալյան, ինչի՞ց է, որ դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է …

-Ես կարծում եմ մեզ մոտ` Հայաստանում, ձմեռը, ինչպես նաև մյուս եղանակները, միշտ էլ լուսավոր են եղել և այդպես էլ կլինի: Դա կախված չէ եղանակային պայմաններից կամ կլիմայից: Հայաստանը միշտ լուսավոր ու տաղանդավոր ժողովուրդ է ծնում, և, դե տեսեք, թե որքան պայծառ ու փառավոր մարդիկ է տվել մեր ազգը:

Յուրաքանչյուրից ճառագող մեկական ճաճանչ, շիթ ակնհայտորեն լուսավորում և ջերմացնում է ոչ միայն մեր ազգը , այլև շատ ու շատ ազգեր ու երկրներ են այդ ջերմությունից օգտվում: Թե չէ, ինչի՞ համար է այն համակ ուշադրությունն ու նախանձը, որ տածում են այլ երկրներ մեր ազգի նկատմամբ…

Եթե լուսավոր չլիներ, ինչի՞ համար այլոք հենց մեր փառավոր պատմության էջերն են ցանկանում յուրացնել, ինչի՞ համար են հայկականությունից հանում մեր ազգանվան վերջավորությունները, չեմ ուզում թվարկել մեկառմեկ բոլորիս համար ակնհայտը… Մեր երիտասարդ տաղանդավոր, և այո, հենց լուսավոր ուղեղների համար օտարները կազմակերպում են մրցույթներ, կոնկուրսներ բոլոր ոլորտների հետ կապված և բարձր վարձատվության խաբկանքով՝ գրանտներով գայթակղելով տանում են:

Այս տարի ի՞նչ է գտել ու կորցրել Մարիետա Բադալյանը: 

-Առաջին հերթին կորստի մասին: Քանի-քանի տարի է, որ Հայաստանից մեկնած և չվերադարձած ինձ մտերիմ և հարազատ մարդկանց մեկնելը և Հայաստան չվերադառնալը ես համարում եմ կորուստ: Կորուստ ոչ միայն ինձ համար , այլև Հայաստանի: Տեսազանգով կամ հեռախոսով խոսելը նույն բանը չէ: Դա նույնն է, ինչ ձեռագիր նամակի փոխարեն, որից կամա թե ակամ զգում ես գրողի շունչը, ապրումները, սերը , կարոտը, ջերմությունը, մարդուն նամակ գրես համակարգչով՝ չոր ու ցամաք զգացողություն, լարվածություն և այլն: Իսկ ինչ վերաբերվում է այնպիսի կորստի, որ ես ունեցա այս տարի, դա իմ ձայնի իննամսյա կորուստն էր, որը վերջերս վերադարձավ և ես համարձակվեցի վերստին երգել , երգեցի իմ նոր երգերից մեկը: Եվ ես երջանիկ եմ, շատ երջանիկ:

Ո՞րն է Մարիետա Բադալյանի ամանորյա սեղանի անպակաս ուտեստը:

-Իմ ամանորյա տոնական սեղանի անպակաս և պարտադիր ուտեստներն աղցաններն են, իսկ ճաշատեսակներ դեռ չեմ որոշել, քանզի մտածում եմ զերծ մնալ գիրացնող և յուղալի տեսականիներից: Կարծում եմ, որ այս տարի սեղանը կլինի համեմատաբար ավելի զուսպ և թեթև:

Եթե ես Ձմեռ պապ լինեի…

-Կարծում եմ՝ այս օրերին ոչ միայն ես, այլև, առհասարակ, շատերը կուզենային գոնե մի քանի ժամով լինել Ձմեռ պապ և կրել նրա ամենակարող գավազանը: Շատ բան կփոխեի…Հիշո՞ւմ եք այն հեքիաթը, երբ թագավորի տղան իր ընտրյալին գտնելու համար հասնում է մի քաղաք, որտեղ ոչ մեկի դեմքին ժպիտ չի տեսնում: Նա ոչնչացնում է չար դևին և քաղաքին վերստին վերադարձնում իր նախկին ուրախությաւնն ու ռիթմը: Մարդիկ սկսում են ստեղծել, արարել, աշխատել և ոչ մեկից չեն վախենում: Այ ես կուզենայի այդ գավազանով վերականգնել իմ Հայաստանի ուրախությունն ու նախկին կյանքը:

Երնեկ թե այս Նոր Տարին…

-Կցանկանայի, որ իմ ժողովրդի համար այնքան լավ լիներ, այնքան անհոգ տարի լիներ, որ վերականգնվեր նրա հույսը: Հիմա շատերն են հուսախաբ վիճակում, շատերի մոտ հիասթափության էլեմենտներ կան. կուզենայի երջանկության մի հսկա պարբերական ցիկլ մտներ Հայաստանի դռներից ներս: Մարդիկ սիրով բացեին իրենց պատուհանները և ժպտալով ներս հրավիրեին վաղուց սպասված իրենց սիրելիին և գգվեին երջանկության հետ այնպես , ինչպես կգգվեին կաթնահամ նորածնին: Երնեկ եմ տալիս, որ խոսքիս մտացածին ուժը վերածվի կենդանի հողեղեն վիճակի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ