3104 պատահարների հետևանքով 308 մարդ է զոհվել
Դեկտեմբերի 25-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում հանդիպեց լրագրողների հետ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Տարեվերջյան հանդիպման թեման նախատոնական եւ տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներն էին:
Անդրադարձ եղավ նաեւ 2015 թվականի ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Նորիկ Սարգսյանը նշեց, որ տարվա սկզբից ճանապարհային ոստիկանության առջեւ խնդիր էր դրվել հատուկ աշխատանք տանել ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտումների, ինչպիսիք են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, փոխարինված կամ կեղծված համարանիշերով երթեւեկելը, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելը:
Ներկայացնելով 2015 թվականի 11 ամիսների վիճակագրությունը՝ Նորիկ Սարգսյանը մասնավորապես նշեց.
– Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 398560 խախտում, որոնցից 5941-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու, 246-ը՝ փոխարինված կամ կեղծված համարանիշերով երթեւեկելու վերաբերյալ, իսկ 389 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ:
Բանախոսը ներկայացրեց նաեւ վթարայնության վիճակագրությունը, ըստ որի՝ 2015 թվականի 11 ամիսների ընթացքում տեղի ունեցած 3104 պատահարների հետեւանքով 308 մարդ զոհվել է, 4304 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման դեպքերը 50265-ով ավելացել են, որոնցից 2882-ը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքեր են: