Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարվելը Րաֆֆի համար ընդդիմադիր թեկնածուի միասնական կերպար ստեղծեց
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը նախագահական ընտրություններում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար միասնական ընդդիմադիր թեկնածուի կերպար ստեղծեցին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ‘’Սոցիոմետր’’ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
‘’Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարվելը բերել է նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիտվում է որպես ընդդիմադիր թեկնածուի միասնական կերպար եւ ՀԱԿ-ի ձայների մի մասը գնալու է ոչ թե Բագրատյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին’’,-նշեց սոցիոլոգը:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի ընտրազանգվածին, ըստ Ադիբեկյանի, ԲՀԿ օգտին քվեարկողների ձայների մի մասը գնալու է Սերժ Սարգսյանի, մյուս մասը` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Գուցե որոշակի քանակի ձայներ ԲՀԿ-ի ընտրազանգվածից ստանա նաեւ Հրանտ Բագրատյանը: Այս հարցի վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությամբ սոցիոլոգը հանդես կգա ավելի ուշ: