Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է /վիդեո/
Այսօր ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է: Նա XX դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո):
Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա երգարվեստին հատուկ են ստեղծագործության գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է «Հայաստանի սոխակ»:
Ծնվել է Կահիրեում: Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան) 1936– 1939 թթ-ին սովորել է Կահիրեի ֆրանսիական քոլեջում: Հետագայում երգեցողության դասեր է առել իտալացի հայտնի երաժիշտներ Էլիզ Ֆելդմանից և Վինչենցո Կարրոյից: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, եղել ռադիոյի մենակատար: 1948 թ-ին Գասպարյանը հայրենադարձել է, 1949 թ-ից երգել Երևանի օպերայի և բալետի թատրոնում (առաջին դերերգը՝ Լակմե, Լեո Դելիբի «Լակմե» օպերայում): 1964 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973 թ-ից):
Գասպարյանն ուներ մեծ ձայնածավալ (դիապազոն) և կատարողական բարձր տեխնիկա: Նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Լավագույն դերերգերից էին՝ Անուշ, Շուշան (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կարինե, Օլիմպիա (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի», «Արշակ II»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»):
Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Թուրքիայում, Իրանում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր:
Պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1997):