ՀՀԿ-ում խորհուրդ են տալիս չմոռանալ փակցնել սադրիչների նկարները
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջընթաց է համարում Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե հանրաքվեին կեղծվել է ուղիղ 485 հազար քվե: Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը բացատրեց նրանով, որ մի որոշ ժամանակ առաջ վերջինս հայտարարում էր 600 հազար կեղծված քվեների, ապա 500 հազար, իսկ հիմա 485 հազարի մասին: Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Զուրաբյանը կբարելավի մաթեմատիկական ունակությունները և ապագայում կներկայացնի իրական թվերը:
Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ ԲՀԿ կամ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի վերաբերյալ խոսակցություն չի եղել, սակայն նշեց, որ ՀՀԿ-ն բաց է նման քննարկումների համար:
«Մենք կոալիցիա կազմելու հարց չենք քննարկել, սակայն մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ: Մենք երբեք չենք խուսափել կոալիցիաներից և ասել ենք՝ եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք կկիսեն մեր գաղափարները, ընդառաջ կգնան մեր ծրագրերին և պատրաստ կլինեն պատասխանատվություն վերցնել, մենք պատրաստ կլինենք նրանց հետ համագործակցել»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարության մասին, թե իրենք պատրաստվում են համացանցում հրապարակել բոլոր ընտրակեղծարարների նկարները և խայտառակել նրանց՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացը կազմակերպում է այդ ձեր նշած տիկինը: Ես խորհուրդ կտամ այդ նկարների վերևը փակցնել նաև բոլոր զրպարտիչների և սադրիչների նկարները: Այդ դեպքում ցուցակն ավելի ամբողջական կլինի»: