Կուսակցությունը որոշում չի կայացրել. ԲՀԿ-ն մեկնաբանում է Բալասանյանին
Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ փոխնախագահ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ առկա է ԲՀԿ քաղխորհրդի հայտնի որոշումը նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին:
Թեեւ Սամվել Բալասանյանը երեկ հայտարարեց, որ հարգում է կուսակցության որոշումը եւ գործող նախագահին սատարելն իր անձնական որոշումն է, որի մասին տեղյակ է պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, այսուհանդերձ ԲՀԿ փոխնախագահի որոշումը խնդրեցինք մեկնաբանել կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանին:
‘’Խոսքը ոչ թե կուսակցության, առհասարակ, եւ ոչ էլ կուսակցական գործչի, այլ անհատի մասին է: Այդքանով ամեն ինչ ասված է, իսկ կուսակցությունն իր որոշումը կայացրել է եւ հրապարակել, եթե անհատներն իրենց համար ինչ-որ որոշումներ են կայացնում, դա անհատների խնդիրն է’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ չի ուզում ‘’մտնել’’ Սամվել Բալասանյանի խոսքերի վերլուծության մեջ:
Արդյո՞ք ԲՀԿ փոխնախագահի այս որոշումը նշանակում է, որ Սամվել Բալասանյանը չի կատարում կուսակցության որոշումը: ‘’Կուսակցությունը որոշում չի կայացրել: Ոչ թե կայացրել է որեւէ որոշում, այլ չի կայացրել որեւէ մեկին սատարելու որոշում’’,-արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը:
Մեր դիտարկմանը, թե այսինքն` ասվածից կարելի է եզարակացնել, որ ԲՀԿ-ականներն ազա՞տ են իրենց որոշման մեջ, ԲՀԿ խոսնակն ասաց. ’’ Այսինքն’’-ով սկսվող նախադասություններ խնդրում եմ մի ասեք, որովհետեւ ես տվեցի պատասխան` այն պատասխանը, որը ես գտնում եմ նպատակահարմար, ոչ թե այն պատասխանը, որ դուք եք ուզում ինձանից ստանալ: Դա անհատի որոշում է, որը ինքը մեկնաբանել է, որեւէ այլ ածանցյալ թեմաներ ինձ չեն հետաքրքրում:
Ուրիխանյանից հետաքրքրվեցինք` ԲՀԿ-ում էլի՞ կան նման անհատներ, որոնք կուսակցության որոշմանը չհամապատասխանող որոշում են կայացնում: Խոսնակն արձագանքեց.’’Դուք հարց եք տալիս, որն իմ կոմպետենտության ոլորտում չէ”:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլը գրեց, թե համայնքի ղեկավարների հետ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար:
Հ.Գ. Նկատենք, նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սամվել Բալասանյանն, այսպես ասած, շեղվում է կուսակցության գծից: Թիվ 35 ընտրատարածքում, ինչպես հայտնի է ԲՀԿ-ական քաղաքապետը սատարեց ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին, թեեւ կուսակցությունը նման որշում չուներ, ավելին, այդ շրջանում ԲՀԿ-ՀԱԿ սերտ համագործակցության փուլն էր:
Մյուս կողից, Սամվել Բալասանյանի որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ, այնքան էլ անսպասելի չէր, հաշվի առնելով այն փաստը, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններում էլ Սամվել Բալասանյանին սատարեց “Հանրապետականը”, ինչի մասին Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարեց:
Մինչ պատրաստվում էինք, նյութը թողարկել, տեղեկացանք, որ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւս գործող նախագահի հետ է: