Նոր մանրամասներ Գյումրու քաղաքապետարանի ‘Չայկայից’
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող ‘ԳԱԶ-13’ ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին ‘Բնակտնտեսություն’ ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածք ‘ԳԱԶ-13’ ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված Արամ Պ.-ն:
Արամ Պ.-ն ցուցմունքում նշել է, որ ինքն ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված Գևորգ Ղ.-ի խնդրանքով, քանի որ իմացել է, որ Գևորգ Ղ.-ն այդ մեքենան գնել է աճուրդով և տեղափոխել է վերանորոգելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Գեւորգ Ղ.-ն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրն է: