29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքուն հերքում է ինքն իրեն

Այսօր Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը, «Ենի Մուսավաթ» թերթի խնդրանքով մեկնաբանելով առաջնագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական հանրությանն է մատուցել մտքի հերթական «գոհարները»: Մասնավորապես՝ անդրադառնալով շփման գծում վերջին մի քանի օրերին տիրող լարված իրավիճակին՝ Ադրբեջանի ՊՆ գլխավոր քարոզիչը հայկական կողմին մեղադրել է իրադրության ապակայունացման և ոչ կառուցողական գործողությունների մեջ՝ չզլանալով հիշատակել, որ միայն նոյեմբեր ամսում հայերն ունեն 100-ից ավելի զինծառայողի կորուստ, սակայն թաքցնում են փաստերը:

Որ ադրբեջանական կողմն է հանդես գալիս առաջնագծում լարվածության ստեղծման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նախաձեռնողի դերում, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Այդ մասին են վկայում այս տարի Բաքվում անցկացված Եվրոպական առաջին օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված աննախադեպ անդորրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները՝ վստահության միջոցառումների կիրառման անհրաժեշտության, շփման գծից դիպուկահարների հետ քաշման և առաջնագծում տեղ գտնող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկներից պաշտոնական Բաքվի հրաժարումը: Հետևաբար լարվածության մեծացման գործում մեղքը հայկական կողմի վրա բարդելը, մեղմ ասած, անհեթեթություն է:

Բայց որ ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի պատասխանատուն տառապում է ամնեզիայով, հետաքրքիր նորություն է: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած հաղորդագրությունում նշում է, որ տարվա ընթացքում հայերն ունեն ավելի քան 100 կորուստ, իսկ այսօր՝ նշված տեղեկատվությունից երեք օր անց, հայտարարում, որ միայն նոյեմբեր ամսում են հայերն ունեցել 100-ից ավելի կորուստ, այսինքն՝ Դարգահլըն  և՛ հայտարարում է, և՛ ինքն էլ մի քանի օր անց իրեն հերքում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք նրա հիվանդագին երևակայության վառ արգասիքն են և էժանագին քարոզչական հնարք: Պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելաոճով և պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ:

Ուղղակի վերոնշվածից կարելի է մի քանի հետևություն անել. իր աշխատասենյակի մանրատախտակը մաշեցրած և վառոդի հոտը չառած գնդապետը իրավիճակին չի տիրապետում կամ միտումնավոր խեղաթյուրում է այն: Եվ երկրորդ՝ պարզվում է, որ նա թվերի նկարիչ է, բայց հասարակ թվաբանական գիտելիքների բացակայության պատճառով, վատ է նկարում: Հակառակ դեպքում 100-ին գումարելով 100, չէր ստանա 100: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, կարծում են ԼՂՀ պաշտպանության գերատեսչությունում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ