Հայրիկյանն էլ վատ քաղաքական գործիչ չէ. ՀՀԿ ներկայացուցիչ
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական դեմքերը որոշեցին նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունները չառաջադրել, քանի որ հաշվի առան այն քաղաքական իրավիճակը, որ կար խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո: ՛՛Նրանք գիտեին՝ հնարավորություն չունեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց Ալեքսանյանը:
Սակայն նա համոզված չէ, որ սեփական թեկնածու չունեցողները բոյկոտելու են ընտրությունները:
Ալեքսանյանը նաև նշեց, որ պետք չի կարծել, թե նրանցից ավելի լավ թեկնածուներ էին առաջադրվելու: ՛՛Ով է ասել, որ Պարույր Հայրիկյանն ավելի վատ քաղաքական գործիչ է ու ծրագիր ունի, քան նրանք, ովքեր դնելու էին՛՛,-նկատեց նա:
Միաժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչը վստահ ընդգծեց, որ առաջադրված թեկնածուների մեջ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մրցակից չունի՝ իր անձնական հատկանիշներով, իր կատարած գործերով: