Ինչ է նշանակում ՛՛երկու ղարաբաղցի՛՛ …
ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցի ՛՛թոփ՛՛ միտքը՝ ՛՛երկու ղարաբաղցիների՛՛ մասով շարունակվում է քննարկվել տարբեր մակարդակներում՝ փորձագիտականից մինչեւ տաքսու վարորդ: Ներկայացնում ենք եւս մեկ տեսակետ՝ շարքային կարծիք Ֆեյսբուքից.
՛՛Ժամանակ առ ժամանակ մենք կանգնում ենք ընտրության առջև` ունենալ հզոր, անկախ, ապահով, բարեկեցիկ Հայաստան, թե երկպառակտված, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբերով, հազիվ գոյատևող հայրենիք: Տարակուսանք են առաջացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցի խիստ էմոցիոնալ և խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունները: Հարգարժան ՛՛մտածողները՛՛ չեն նկատում հարցազրույցի՝ իրենց համար ոչ ձեռնտու հատվածները:
Ես ողջունում եմ պարոն Քոչարյանի դիրքորոշումը, իրոք, երկու ղարաբաղցի ընկերներ չեն կարող մոռանալ այն տարիները, երբ վճռորոշ էին ղարաբաղցու անկոտրում ոգին և հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հնարավոր չէ մոռանալ այն ժամանակները, երբ այդ երկու ընկերների ընտանիքները պատսպարվում էին նկուղներում: Կարծում եմ` պետք չէ հիվանդագին վերաբերվել ՛՛ղարաբաղցի՛՛ ձևակերպմանը. դա նշանակում է մարտական ուղի, հաղթանակ և ի վերջո օրինակ միասնության և համերաշխության:
Մեջբերում եմ Ռ. Քոչարյանի խոսքը. ՛՛Ակտիվ քաղաքականություն վերադառնալը բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար և կդառնար տարատեսակ շահարկումների առարկա՛՛:
Հիրավի մեծ հայրենասերի և պետականամետ մտածելակերպի հայի տեսակետ, ի տարբերություն քաղաքական ՛՛տիտանների՛՛, որոնք կարող են մարդկանց հույզերն ու զգացմունքները ղեկավարելու իրենց կարողությունների արդյունքում փողոց դուրս բերել մեր հայրենակիցներին և թողնելով բախտի քմահաճույքին անխռով գիշերել տանը` պետական պահպանության ներքո:
Թարմ են բոլորիս հիշողությունները, երբ ազգը բաժանվել էր երկու մասի, և երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր:
Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ ժողովրդին, համախմբվել, դասեր քաղել պատմությունից, քանզի մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ`պատերազմի վերսկսման վտանգից մինչև սփյուռքում գտնվող յուրաքանչյուր հայ ընտանիքում հայրենասեր և հայրենիքով ապրող երիտասարդ դաստիարակելը՛՛,-Գոռ Վարդանյանը: