«Տեսեք` ձեզ ինչ եմ անելու». դիմում են Սերժ Սարգսյանին
«Մեր հասցեին հայհոյանք և սպառնալիք հնչել է առաջին դատի օրը, երբ ընդհանուր հայհոյեց երիտասարդը, ու երբ հորաքրոջս տղան և աներձագս մոտենում են ու փորձում կարգի հրավիրել, այդ երիտասարդը ասում է՝ արա, հլը եկեք դուրս, տեսեք ձեզ ինչ եմ անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Արկադի Սարգսյանը տեղեկացրեց, որ իր մայրը՝ Անահիտ Առուստամյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին` խնդրել է ապահովել իրենց անվտանգությունը դատարանում, ինչպես նաև խնդրել է կուրսանտի սպանության գործով դատական նիստերը այլեւս չհետաձգել՝ փաստաբանների բացակայությունների պատճառաբանությամբ:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործող երկրորդ դատական նիստը տեղի ունեցավ այսօր` դեկտեմբերի 1-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ առաջին դատական նիստը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 18-ին, որն անցել էր լարված մթնոլորտում:
Արկադի Բարսեղյանը նշեց, որ նախկինում սպառնալիքներ չեն հնչել իր կամ ընտանիքի հասցեին. «Ես ուզում եմ, որ դատական նիստերը խաղաղ ընթանան, քանի որ իրենք ամեն բան անում են, որ մենք հունից դուրս գանք ու դատական նիստը հետաձգվի: Առաջին դատական նիստին ինձ վրդովեցրեց դրանց ներս մտնելու ձևը, մանավանդ Վաչեի պահվածքը. ով ինձ տեսնում է ասում է` ո՞նց կարելի էր այդպես ներս գալ ու մեզ նայել արհամարանքով»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուրսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: