Ադրբեջանահայերի կոտորածի առաջնահերթ պատճառներից մեկն անկախ պետականության բացակայությունն էր. Գ. Այվազյան
“Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ Ադրբեջանը եւս մեկ անգամ հաստատեց, որ Բաքվի ջարդերի հեղինակն ինքն է: Այս մասին այսօր հայտարարեց “Ադրբեջանահայերի ասամբլեայի” նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը` լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 1990-ին տեղի ունեցած Բաքվի եւ սումգայիթյան ջարդերին:
Գրիգորի Այվազյանը նշեց, որ 1990-ի հունվարին կատարված արյունալի դեպքերն ամբողջովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից սահմանված ցեղասպանության բոլոր կետերին: Սակայն նրա կարծիքով` մինչ հարցը միջազգային ճանաչում կստանա, դրա մասին նախ մենք ինքներս պետք է լավ տեղեկացված լինենք: Ադրբեջանագետը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ արդեն բավականաչափ աշխատանքներ են տարվել: Նա տեղեկացրեց, որ շուտով նաեւ աշխատություն լույս կտեսնի, որում կբացահայտվեն Բաքվի դեպքերի մութ կողմերը:
“Այս հարցը սերտորեն կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Բաքվի ջարդերից հետո պարզ դարձավ, որ ադրբեջանցի թուրքերն ու արցախահայերն այլեւս չեն կարող համատեղ խաղաղ բնակվել մեկ պետության կազմում: Բաքվի ջարդերի ճանաչման հարցում հաջողության հասնելուց հետո է միայն հնարավոր հասնել ղարաբաղի վերջնական անկախությանը”,-նշեց բանախոսը:
Ադրբեջանագետի կարծիքով` ադրբեջանահայերի կոտորածի առաջնահերթ պատճառներից մեկն անկախ պետականության բացակայությունն էր: