Արդեն գեյ-պարադներ եք նախատեսում … թեժ բանավեճ «այո», թե «ոչ» /վիդեո/
Սահմանադրությանը `«այո» կամ «ոչ» քարոզողները դեկտեմբերի 6-ին ընդառաջ «տաքացնում են» մթնոլորտը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանությունը փորձեց հիմնավորել հանրաքվեի ներկայացված Սահմանադրության կարևորությունը:
«Պետք է փոխվի մարդը, մարդու մտածողությունը և համակարգը» ,-ընդգծեց ՀՀԿ պատգամավորը` կարևորելով համակարգի փոփոխության դերը:
«Կառավարման համակարգը ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Այս Սահմանադրությունը ոչ մի հարց չի լուծում, քանի որ նախորդ Սահմանադրությունն էլ չի գործել: Այս Սահմանադրությունը ավելի վատն է, քան Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությունը: Այն Սահմանադրությունը ավելի վատն էր, քան Լևոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունը: Երբեք չեմ ընդունել այդ գործչին, բայց նրա ժամանակվա Սահմանադրությունը այս Սահմանադրության մոտ պարզապես անմեղ մի բան էր»,- տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը:
Գիմիշյանը նշեց, որ այս Սահմանադրությամբ երկրում իշխող օլիգարխների քանակը չի նվազում: Ավելին, խարխլվում են ընտանիքի ու եկեղեցու հիմքերը: Դրսից սնվող աղանդավորների քանակն է ավելանում.
«Այս Սահմանադրությունը մի հանցավոր փաստաթուղթ է, որը Վենետիկի հանձնաժողովն է բերել: Նպատակն է՝ մարդու մեջ մարդկայինը ոչնչացնելը: Սա ավելի մեծ հանցագործություն է, քան ֆաշիզմը»::
«Ձեր ասածը սոփեստություն էր, որը ընդհանրապես էությանը չի վերաբերվում: Դուք Ձեզ հակասում եք: Նախ ասում եք, որ Սահմանադրությունից բան չի կախված, հետո ասում եք, որ այն այնքան վատն է, որ փչացնում է մեր երկիրը:Դուք չեք ուզում տեսնեք այն լավը, որը կա այս Սահմանադրության մեջ:
Սահմանադրության մեջ չկա կետ, որը եկեղեցուն վիրավորի, կամ կետ, որտեղ նշված լինի , որ համասեռամոլները կարող են ամուսնանալ: Հայկական ընտանիքը այնքան ամուր է, որ Ձեր ասածը ուղղակի սոփեստություն է»,-հակադարձեց Լեռնիկ Ալեքսանյանը:
« … հիմա ասեմ որտեղից եք գալիս ու ինչու եք մեզ տանում այլասերվածության»,-զայրացավ Գիմիշյանը:
«Դուք էլ դրսից սնվող եք ու ինձնից լավ տուն ու տեղ ու լավ մեքենա եք քշում»-նկատեց ՀՀԿ պատգամավորը:
«Մեքենան դուք եք քշում, ես տրանսպորտով եմ եկել ու անգամ մի գրասենյակ էլ չունեմ: Արդեն գեյ-պարադներ եք նախատեսում: Այս Սահմանադրությամբ այլասերվում է հասարակությունը: Խեղճ Նժդեհը գերեզմանի մեջ տասը անգամ շուռ եկավ, քանի որ դուք Ձեզ ազգային եք համարում»,-եզրափակեց Գիմիշյանը:
Մանրամասները քիչ անց` տեսանյութում: