Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը ստանձնել էր Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հանդես գալ դասախոսություններով, մասնավորապես, Ամերիկյան համալսարանում, քանի որ վերջինս ՀՀ առաջատար բուհերից մեկն է:
Անդրադառնալով դասախոսության բուն թեմային, նախարարը նշել է, որ կրթությունը լավագույն միջոցն է՝ ցանկացած ինտեգրման համար: «Եկեք տեսնենք՝ որն է կրթության նշանակությունը համաշխարհային գործընթացներին Հայաստանի ինտեգրման համար, և որ տարածաշրջանն է կրթական առումով ավելի շահավետ Հայաստանի քաղաքացիների համար:
ԱՊՀ-ի շրջանակներում կան կրթական ծրագրեր, բայց նաև հայտնի է, որ ԱՊՀ-ի ծրագրերը հնացած են և կարիք ունեն վերանայման: Ես դժվարությամբ կարող եմ հիշել վերջին տարիների ընթացքում համաշխարհային կրթական իրադարձություն, որը տեղի է ունեցել ԱՊՀ երկրներում: Հայկական կրթական համակարգի հիմնական հարթակը եվրոպական բարձրագույն կրթական տարածքն է. այս տարի մենք նշում ենք Բոլոնյան գործընթացում մեր անդամակցության 10-ամյակը: Հենց սկզբից մենք փորձեցինք վերափոխել մեր կրթական համակարգը, որը ժառանգվել էր Խորհրդային Հայաստանից, և 2005 թվականից փորձ արեցինք ունենալ ազգային կրթական համակարգ, որը կհամապատասխաներ եվրոպական մրցակցային չափանիշներին:
Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը ստանձնել էր Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը 3 տարով և Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացրել Երևանում: Այսպիսով, շատ կարևոր է հասկանալ, որ Բոլոնիայի գործընթացի քաղաքակրթական ընտրությունը Հայաստանի կրթական համակարգի համար ոչ միայն կրթական չափանիշների խնդիր է, այլ նաև արժեքների: Կարծում եմ՝ ձեզ կարող է հետաքրքրել ԵՏՄ-ի անդամակցության կրթական հեռանկարները: Այս պահին ԵՏՄ-ն չունի կրթական համակարգ: Սակայն կան կետեր, որոնք պարտադրում են անդամ երկրներին ավտոմատ ընդունել ավարտական դիպլոմները և գիտական աստիճանները (բացառություն է կազմում բժշկական, մանկավարժական և իրավաբանական կրթությունը): Այսպիսով, ընդհանուր տնտեսությունը թելադրում է ընդանուր աշխատանքային շուկան, իսկ ընդանուր աշխատանքային շուկան պարտադրում է ունենալ ընդանուր կրթական հարթակ: Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ԵՏՄ-ն երկարատև ծրագիր է, ապա այն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը և իր կրթական ծրագրերը, որովհետև ԵՏՄ երկրները Բոլոնիայի գործընթացի անդամներ են:
Հետևաբար, հասկանալի է, որ եթե անգամ ԵՏՄ-ն ունենա իր կրթական ծրագիրը, այն չի հակասի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ծրագրերին, հակառակը՝ այն պետք է օգտագործի եվրոպական ծրագրերի փորձը: Ամփոփելով ելույթս՝ մեկ անգամ ևս փաստեմ, որ կրթությունը պետք է ընդունվի որպես շատ կարևոր քաղաքական և տնտեսական գործիք՝ երկարաժամկետ և կայուն ինտեգրման ծրագրերու»,-մասնավորապես նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի վարկանիշավորմանը, Բոլոնիայի գործընթացին, բուհական գրադարաններին և այլն: