Առայժմ մեկ դիտորդական կազմակերպություն է հավատարմագրված
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առայժմ հավատարմագրված են մեկ տեղական հասարակական կազմակերպության` “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ”-ի 63 դիտորդներ:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այս պահին որևէ միջազգային կամ այլ տեղական կազմակերպությունից հայտ ԿԸՀ-ն չի ստացել:
Նշենք, որ, ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրումը սկսվել է ընտրությունը նշանակելու օրվանից` դեկտեմբերի 8-ից, և կտևի մինչև փետրվարի 8-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին:
Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
Վերոհիշյալ կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հիշեցնենք, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին, ՀՀ կառավարությունը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին, ԿԸՀ-ն` “Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն” (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը: