ՀՀ քաղաքացի դառնալու համար Սահմանադրություն իմանալը պարտադիր չէ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար այլևս արտասահմանցիներից կամ սփյուռքահայերից չեն պահանջում ՀՀ Սահմանադրության իմացություն, մինչդեռ 2011-ին և 2012-ին Սահմանադրության իմացությունը պարտադիր էր: Հարցը բարձրացրել էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով դժգոհեց, որ իր ընտանիքի անդամներից մեկը քաղաքացիություն ստանալու համար դիմել էր համապատասխան գերատեսչություն և պարզել, որ պետք է հանձնի նաև Սահմանադրության իմացության վերաբերյալ քննություն: Նախարարը հերքեց այդ տեղեկությունը:
Տիգրան Ուրիխանյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախարարությունը 199 էջանոց ուղեցույց էր տպագրել, որտեղ կար մի մեծ խախտում: Բանն այն է, որ ուղեցույցում գրված էր, որ ՀՀ-ում ոչ ոք չունի սեփականության անձեռնմխելիության իրավունք, ինչը հակասում է օրենսդրությանը: Նախարար Հակոբյանը ընդունեց, որ նման վրիպակ եղել է և ասաց, որ այն վերացել է: Տիգրան Ուրիխանյանը վրդովվեց և ենթադրեց, որ նախարարությունը նման վրիպակ թույլ տվողին, պետք է որ, աշխատանքից հեռացրած լինի: