Դադարեցրեց հացադուլը
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 11-օրյա հացադուլից հետո այսօր դադարեցրել է այն։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Սարուխանյանի փոխանցմամբ՝ այսօր ազատամարտիկների հրավիրած հորդոր-ակցիայից հետո իրեն հաջողվել է հանդիպել ազատազրկված գնդապետի հետ, որից անմիջապես հետո Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: Ավետիսյանը հորդորել է իրեն միացած մյուս հացադուլավորներին հետևել իր քայլին և պայքարի այլ տարբերակներ ընտրել:
«Վոլոդյան խնդրեց բոլոր մտահոգ մարդկանց փոխանցել իր շնորհակալական խոսքերը, իր առաղջությամբ անհանգստանալու համար: Նշեց, որ իր պայքարը չի ավարտվում»,-ասաց Սարուխանյանը:
«Իմ այնտեղ գտնված ժամանակ կալանավայրի բժիշկը ցուցում ստացավ զբաղվել հացադուլը դադարեցրած կալանավորների առողջական վիճակով՝ կարգավորելով նրանց հետագա սննդակարգը»,- հավելեց Գագիկ Սարուխանյանը:
Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հոր առողջական վիճակը բավարար է ու նրա այսօրվա որոշումը ինչ-որ չափով հանգստացրել է ընտանիքի անդամներին:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել:
Հացադուլի պատճառը ՔԿՀ անկախ հանձնաժողովի կողմից Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատման արձակման դիմումի մերժումն էր:
Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: