«Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ»
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի գահակալության 16-րդ տարեդարձի առթիվ.
Վեհափա՛ռ Տեր,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար հավատքի և ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում կամք ու կորով, ուժականություն և տոկունություն՝ մոլորեցնող փոթորիկներին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու համար:
«Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ, Նրա խոսքն ու պատգամները դարձնենք մեր կյանքի խավարացիր լույսը, մեր հանդեպ Նրա սերն ու ողորմությունը՝ մեզ միավորող ուժը, ազգի միասնությունը կերտող զորությունը: Անխախտ ու ամուր պահենք մեր միաբանությունը, համերաշխության ոգին, խնամք տանենք և հոգանք միմյանց համար, մեր երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի վերելքի համար: Միայն այսպես, միմիայն այսպես պիտի կերտենք շեն ու բարօր մեր Հայրենիքը»(Գարեգին Բ):
Վեհափա՛ռ Տեր,
Ձեր հայրախնամ սիրո և վեհագույն ապրումների, բարոյական ազնվագույն սկզբունքների ներգործությամբ է, որ այսօր ջանում ենք միակամ և միահոգի մնալ մեր «ծառայական կերպ»-ի մեջ:
Մեր աղոթքն է առ Աստված՝ Ձեզ բազում տարիներ տեսնել հովվապետական, նվիրական և օրհնաբեր սպասավորության մեջ: Ի սրտե Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն և տոգորուն հոգի՝ Ձեր եկեղեցանվեր և անձանձիր ծառայությունն առավել արդյունաբեր դարձնելու համար: Թող Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Ձեզ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝