Օրգանիզմդ չի հասկանում` տոնում ես, թե ինչ ես անում. խոհարար
Հայկական ամանորյա սեղաններից բացակայում են ավանդական ուտեստները: Ավանդականից շեղումները սկսվել են դեռևս խորհրդային միության տարիներին, երբ մարդկանց մեջ դեֆիցիտը գտնելու մոլուցքն էր տիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա պատմելով` հին հայերն ամանորին պատրաստում էին հարիսա, տարբեր անուշաբույրեր, քաշիկա, խմորից ուտեստներ և այլն: Սակայն դրանցից և ոչ մեկն այսօր չի հանդիպում հայկական ընտանիքներում:
”Խմորից են շատ պատրաստել ուտեստներ, փոքրիկ գաթաներ, որոնք ծիսական իմաստ են ունեցել, եթե մարդակերպ են եղել, ուրեմն ցանկացել են, որ գալիք տարին ծնելիության առումով հարուստ լինի”,-ասաց խոհարարը: Իհարկե, ավանդական տարատեսակներ պատրաստվում եմ, բայց հիմնականում մարզերում, մասնավորապես գյուղերում:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նկատեց, որ քաշիկան այժմ էլ շատ է պատրաստվում և Տավուշի մարզում ամենատարածված կերակրատեսակներից է:
Սակայն հիմա հայերը հիմնականում գերադասում են խոզի ազդր պատրաստել: Սրա մեջ Մամուլյանը ալարկոտություն է տեսնում: Նրա կարծիքով` կանայք նախընտրում են ավելի հեշտ ու արագ մի մեծ կտոր խոզի ազդր միանգամից ու մեկ անգամ պատրաստել: Սակայն ներկայիս կերակրատեսակների պատճառով ամանորին շատ խնդիրներ են առաջանում:
”Օրգանիզմդ չի հասկանում տոնում ես, թե ինչ ես անում”,-ընդգծեց Սեդրակ Մամուլյանը: