Գալուստ Սահակյանը Սերբիայի խորհրդարանի ղեկավարին առաջարկել է զարգացնել համագործակցությունը միջազգային կառույցներում
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա):
ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք մեծապես կնպաստեն փոխադարձ վստահության եւ սերտ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը: Խոսելով բազմակողմ փոխգործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Անհրաժեշտ եմ համարում միջազգային ասպարեզում որդեգրել միմյանց նկատմամբ բարենպաստ, առավել հավասարակշիռ դիրքորոշում:
Հայաստանը միջազգային կառույցներում մշտապես ընդառաջել է սերբական կողմի խնդրանքներին եւ ակնկալում է համարժեք մոտեցում սերբական կողմից, հատկապես Հայաստանի համար հույժ կարեւոր քաղաքական հարցերում»: Այնուհետեւ Գալուստ Սահակյանը սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները, ադրբեջանական կողմից իրականացվող վայրագությունները եւ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրների խաղաղ լուծման կողմնակիցն է:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Սերբիայի Նախագահի մասնակցության համար եւ Մայա Գոյկովիչին հրավիրել Հայաստանի Հանրապետություն:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել միջազգային կառույցներում, հատկապես ԵԽԽՎ-ում հայկական կողմի հետ արդյունավետ աշխատանքի համար: «ԵԽԽՎ-ում հայ- սերբական համատեղ արդյունավետ աշխատանքը պետք է օրինակ ծառայի միջազգային մյուս հարթակներում հայ-սերբական համագործակցության համար»,-հավելել է տիկին Գոյկովիչը:
Սերբիայի խորհրդարանի ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի հրավերը եւ վստահեցրել, որ մոտ ապագայում պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Հանդիպման ավարտին Մայա Գոյկովիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին. «Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Հայաստանի Հանրապետությանը, որ աջակցում է մեզ Սերբիայի ինքնության եւ բազմաթիվ, մեզ համար չափազանց կարեւոր հարցերում»: