Բարեգործություն անելը չի նշանակում՝ թեկնածու դառնալ. Կարեն Կարապետյանն օրինակն իր վրա բերեց /վիդեո/
“Ես այդքան էլ առճակատում չէի համարի այդ անցուդարձը, սրանք քաղաքական պրոցեսներ են, որ մենք պետք է անցնեինք՛՛,- պատասխանելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների վերջին դրվագների մասին Henaran.am – ի հարցին` ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Մեր այն հարցին, թե նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որեւէ
թեկնածուի չսատարելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի որոշումն նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտնի հուշագիրն ուժը կորցրած է համարում, Կարապետյանը պատասխանեց. “Եթե անդրադառնանք այդ փաստաթղթին, ֆորմալ առումով այդպես է, ես այդպես եմ կարծում“:
Հարցին, Գագիկ Ծառուկյանի չառաջադվելու որոշումը չի՞ ազդի մրցակցության վրա, Կարեն Կարապետյանը պատասխանեց. “Մրցակցության առումով լավ կլիներ, որ ուժեղ եւ այլընտրանքային թեկնածու ունենայինք, դա մեր թիմն ավելի կամրացներ, ավելի մոբիլ կսարքեր, ավելի վճռական կդարձներ”,-ասաց նա` հավելելով, որ դաշտում խաղացողները տրամաչափով ավելի փոքր են եւ ՀՀԿ թեկնածուին հավասարազոր թեկնածու չկա եւ այս պայմաններում ՛՛քաղաքական պրոցեսները մի քիչ ինչ-որ տրամաբանություն կորցնում են՛՛:
Դիտարկմանը, ասվածն արդյո՞ք նշանակում է, որ ավելի լավ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր եւ լիներ ուժեղ թեկնածու, Կարեն Կարապետյանն ասաց. ”Անձը չի կարելի ֆետիշացնել, չես կարող ասել, թե ով է ուժեղ, պրոցեսները ցույց կտան: Դուք ամբողջ հասարակության կարծիքն ուսումնասիրե՞լ եք, չեմ կարծում , թե հասարակության անունից մեզնից յուրաքանչյուրը պետք է խոսի”:
Կարապետյանը նկատեց, որ որպես պատգամավոր, որին հասարակությունը լիազորել է, շատ դեպքերում ձեռնպահ է մնում հանդես գալ հասարակության անունից: “Տարբեր տրամաչափի մարդիկ այնպիսի ամպագորգոռ խոսքեր են ասում հասարակության անունից, որ ես անկեղծորեն զարմանում եմ: Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, երբ գնում եմ տարածքներ, ոտքով քայլում, մարդկանց հետ զրուցում եմ: Տարբեր կատեգորիայի մարդկանց` հովիվից սկսած մինչեւ որսորդ, մանկավարժից սկսած մինչեւ բժիշկ, փորձում եմ լսել իրենց կարծիքը եւ ընդհանուր եզրակացություն անգամ ինձ մոտ չկա, թե այս կամ այն թեկնածուն իրոք կարող է այլընտրանքային թեկնածու լինել”:
Կարապետյանի խոսքով, ելակետը պետք է լինի տվյալ անձի անցած տարիների ճանապարհն ու արած-չարածը: “Գիտեք, մեր թեկնածուն շատ տաքուկ անկյուն ուներ Ղարաբաղում, ինքը դուրս եկավ խրամատից եւ նորից սկսեց իր աշխատանքը: Պետք է անցյալից մինչեւ մեր օրերը գալ, ինքը ղեկավարել է տարբեր ուժային կառույցներ, մեծ պատասխանատվություն է կրել, իր ընտանիքը թողնելով Ղարաբաղում՝ էստեղ պաշտոնավարել է ”,-շարունակել է Կարեն Կարապետյանը եւ հավելել, որ այնպես չէ, որ բոլորս կարող ենք դուրս գալ եւ ասել, որ թեկնածու ենք:
Պատգամավորը որեւէ մեկին ՛՛չնեղացնելու համար՛՛ օրինակն իր վրա բերեց.՛՛՛Ես որպես Կարեն Կարապետյան, այսօր միգուցե որոշ բարեգործություններ եմ անում, բայց դա չի նշանակում, որ ես պետք է թեկնածու դառնամ, ես պետք է տարիների մեծ ճանապարհ անցնեմ, թրծվեմ, ես պետք է կառավարման համակարգից տեղյակ լինեմ, տիրապետեմ կառավարման արվեստին՛՛:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին հարցին, Կարապետյանն ասաց, որ գաղափարական դաշտում տարբեր ելակետային հարթության վրա գտնվող քաղաքական ուժերի համար այնքան էլ հեշտ չէ համագործակցությունը:
՛՛ՀԱԿ-ի առումով, կարծում եմ, ժամանակի ընթացքում քաղաքական թերացումներ եղել են խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ կորցրեցին իրենց լսարանի մեծ մասի վստահությունը, իսկ ժողովրդի վստահությունը կորցնելը եւ հետո այդ վստահությունը վերադարձնելն այնքան էլ հեշտ բան չէ:
Կարծում եմ` անգամ այսօր ՀԱԿ-ից ցանկացած թեկնածուի առաջադրումը, ըստ էության, ընդհանուր քարտեզի վրա ոչ մի փոփոխություն չի բերի Դուք կտեսնեք մեր թեկնածուի առավելությունը պոտենցիալ մյուս թեկնածուների նկատմամբ՛՛: Կարեն Կարապետյանի համոզմամբ, գործող նախագահը սպասվող ընտրություններում կհավաքի 60 տոկոսից ոչ պակաս ձայներ:
Ինչ վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Կարապետյանն ասաց, որ իր ՛՛ֆանտազիան չի հերիքում՛՛ պատկերացնելու, որ երկու ընկերներ եւ գործընկերներ, որոնք Արցախյան պատերազմի արյան միջով են անցել կարող են մեկը մյուսի դեմ առաջադրվել: ՛՛Նրանք ռեալ հնարավորություն ունեն միասին նստել և պայմանավորվել, քանի որ դա թույլ է տալիս իրենց միասին անցած ճանապարհը՛՛: