ԲՀԿ-ն չէր կարող կողմ լինել. Վարդան Օսկանյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խորհրդարանում ընդունված նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին:
‘Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ‘Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրանում է՝ մինչև 35000 դրամ: «Բարգավաճ Հայաստանը» բնականաբար չէր կարող կողմ լինել նման չնչին բարձրացմանը և ձեռնպահ քվեարկեց՝ ելնելով այն համոզմունքից, որ ամեն դեպքում պետք չէ խանգարել նույնիսկ այդ 2500 դրամի հավելմանը քաղաքացիների աշխատավարձին: Կառավարությունն իր հնգամյա ծրագրով խոստացել է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում։ Դժվար չէ հաշվարկել, թե նման չնչին տեմպերով շարժվելու դեպքում երբ կունենանք 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ։
Այս հարցի քննարկմամբ և քվեարկությամբ մենք նորից առերեսվեցինք մի ցավալի իրականության, երբ կառավարությունը, հակառակ այն փաստին, որ նախորդ հինգ տարիներին վարած քաղաքականությունը եղել է անարդյունավետ, դեռևս որևէ ցանկություն չունի ինչ-որ փոփոխություններ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ:
Սրա վկայությունը ոչ միայն նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով ավելացնելու փորձն էր, այլ նաև այն, որ վերջերս կառավարությունը լրջորեն քննարկում է հարկային օրենքում հնարավոր փոփոխությունները և եկամտահարկը 20 տոկոսից 30 տոկոս բարձրացնելու հնարավորությունը: Դրան գումարվում է նաև ԲՀԿ-ի, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների մերժումը: Այդ նախաձեռնություններն այնպիսին էին, որ էապես կնպաստեին տնտեսության խթանմանը:
Ես շարունակում եմ պնդել, որ մեր տնտեսության ներկա ծանր վիճակի հիմնական պատճառը կառավարության վարած քաղաքականությունն է:
Նախ՝ կառավարությունը պետք է հրաժարվի առայսօր իր ընտրած առաջնային թիրախներից՝ ամեն գնով սղաճի զսպումից և բյուջեի իրականացումից, և դրա փոխարեն գլխավոր թիրախ դարձնի տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը և կենսամակարդակի բարձրացումը:
Երկրորդ՝ կառավարությունը իր ֆինանսական միջոցները պետք է ուղղի ոչ թե տնտեսության առաջարկի մասի խթանմանը, այլ՝ պահանջարկի, որի պարագայում միայն հնարավոր կլինի նպաստել տնտեսական աճին:
Երրորդ՝ այսօր տնտեսության վիճակը ենթադրում է կառավարության կողմից ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, այլ ոչ թե զսպողական, որը կառավարությունը՝ որոշ բացառություններով, իրականացրել է նախորդ տարիներին:
Վերջապես, ժամանակն է, հատկապես հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով վերջերս առավել բաց հնչած քննադատությունները, որ կառավարությունը վճռականություն ցուցաբերի և իրականացնի տնտեսությունը ծանր վիճակից դուրս հանելու համար այդքան անհրաժեշտ խորքային բարեփոխումները, առաջին հերթին՝ հարկային վարչարարության ոլորտում:
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Կարծում եմ՝ տնտեսական քաղաքականությունում մտածողության, ապա՝ կոնկրետ քաղաքականության շեշտակի փոփոխություններով միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը և երկիրը դնել կայուն զարգացման ճիշտ ճանապարհի վրա’: