Եթե ի վիճակի չեք
Վիրտուալ տիրույթի օրվա թոփ-թեման նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ում: ՀՀ-ն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է Ադրբեջանին պատժելու իր մտադրության մասին
Օգտատեր Ալեն Ղեւոնդյանը գրում է.
«Երեկ ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանում, ուր կրքերի կիզակերտում էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունների հիմնահարցը, ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահը:
Ելույթը ուներ մի քանի կարևորագույն շեշտադրումներ, որոնք աշխարհին էին ներկայացնում ՀՀ-ի տեսակետները կապված ԼՂ խնդրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին քայլերի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արձանագրած արդյունքների, Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի և սիրիահայ փախստականների, գլոբալ մարտահրավերների ու գլոբալ պատասխանատվության և այլ հիմնահարցերի վերաբերյալ:
Անկասկած ելույթի առանցքը Հայաստանի մոտեցումներն էին ԼՂ շուրջ վերջերս ձևավորված իրավիճակի և Ադրբեջանի ռազմական ակտիվության վերաբերյալ: Նմանօրինակ բարձր ամբիոնից երկրի Ղեկավարը աշխարհի երկրների դիվանագետներին ներկայացրերց իրավիճակը, կապված այն իրողությունների հետ, որ Ադրբեջանը այլևս փաստականորեն մերժում է ԼՂ խնդրի բանակցային ֆորմատը: Ավելին՝ Ադրբեջանը սեփական ժողովրդի ուշադրությունը տնտեսական խնդիրներից և քաղաքական հետապնդումներից շեղում է՝ լարվածություն առաջացնելով ՀՀ-ադրբեջանական և ԼՂՀ-ադրբեջանական սահամանային հատվածներում, կիրառելով հրետանային զինատեսակներ քաղաքացիական բնակչության դեմ:
Իր ելույթում ՀՀ Նախագահը շեշտեց, որ «… Ադրբեջանը պատերազմով է սպառնում», ուստի մենք «…կիրականացնենք անհրաժեշտ իրավաքաղաքական և ռազմական քայլերը ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը և խաղաղ զարգացումը»:
Այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձ է կատարել. մի կողմից այն օբյեկտիվ պայմանների և ԼՂ վերաբերյալ որդեգրած սեփական սկզբունքների զորու դարձել է ավելի կոշտ, մյուս կողմից՝ բացառիկ հրապարակային: Նշենք, որ երկրի Ղեկավարի ՄԱԿ-ի ելույթի հասցեատերը Ադրբեջանը չէր: Այսօր ՀՀ-ի՝ Ադրբեջանին ուղղված հաղորդագրություններն սահմանում պատժիչ գործողություններն են, երբ հակառակորդ/թշնամին պարբերաբար կորուստներ է կրում, դիրքեր կորցնում:
ՀՀ նախագահի ՝ ՄԱԿ-ի ելույթի հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն էր, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր հրապարակայնորեն իրազեկվեցին Ադրբեջանին ադեկվատության տիրույթ բերելու ՀՀ-ի կոշտ ու սկզբունքային մտադրությունների վերաբերյալ: Փաստացիորեն արձանագրվեց համանախագահներին ուղղված այն դրույթը, որ «եթե դուք ի վիճակի չեք (կամ չեք ցանկանում) Ադրբեջանին սանձել, մենք ինքներս դա կանենք քաղաքական, իրավական, և հատկապես ռազմական մտրակներով»: Ու ռազմական պատժիչ գործողությունները կարծես միայն սկիզբն են լինելու:
Սա լրջագույն քայլ է ՀՀ-ի կողմից, որ մեծ ջանք ու ռեսուրսներ է պահանջելու: Միգուցե այս ճանապարհին մենք դաշնակիցներ կկորցնենք, միգուցե նորերին ձեռք կբերենք, միգուցե հիասթափվենք, կամ հավելյալ ինքնավստահություն ձեռք բերենք: Սակայն այն սկզբունքը, երբ բոլոր միջնորդները, միջնորդ երկրների որոշ ղեկավարներ պարբերաբար հայտարարում էին, թե «ՀՀ-ն ու Ադրբեջանը իրենք պետք է իրենց մեջ լուծեն առկա խնդիրը», ՀՀ-ի մասով սկսում է իրականություն դառնալ:
ՀՀ-ն քայլ առ քայլ սկսում է իրագործել ԼՂ խնդրի լուծման իր՝ վաղուց հայտարարված մոտեցումները, իսկ Ադրբեջանը կարծես «կորցրել է իրականության զգացումը»»: