Ալժիրի վարչապետը թուրքերին հորդորել է խելոք մնալ
Ըստ իրանական “Ալ-Ալեմ” լրատվական կենտրոնի, հունվարի 7-ին մամուլի ասուլիսում` Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել իրենց “արյունը առեւտրի առարկա չդարձնել”: “Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը”,- ասել է նա:
Ըստ Ահմեդ Օյահիայի` 1830թ.-ին, երբ Թուրքիան գրավեց Ալժիրը, երեք օր անց այն “հրամցրեց ֆրանսիացիներին եւ այնուհետ մինչեւ Ալժիրի անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել”:
“Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ, եւ ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով”,-ասել է Ալժիրի վարչապետը:
Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործադրելու մեջ:
Էրդողանը ասել էր, որ “ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել են ֆրանսիացիների կողմից եւ դա ինքնին ցեղասպանություն է”: Լրատվամիջոցները ենթադրում են, որ այս հայտարարությունը Թուրքիայում նոր հակազդեցությունների տեղիք կտա: