“Ես եմ”. սերն ու բանակային կյանքը համատեղ
20-ամյա Տիգրանը որոշում է կիսատ թողնել բարձրագույն կրթությունն ու ծառայել հայոց բանակում: Վերադառնալուց հետո` Տիգրանին մեծ ապագա էր սպասվում: Նրան սիրահարվել էր կանադահայ Սյուզին, եւ նրանց շփումը “Skype”-ով էր: Մեկնելուց առաջ էր աղջիկը սիրո խոստում է պահանջում, բայց Տիգրանի ընկերը մտնելով սենյակ`”խանգարում է” տղային` իր խոսքը ասել:
Սա հերթական սերիալի անոնսը չէ, այլ Հայոց բանակի 20 ամյակին նվիրված “Ես եմ” գեղարվեստական ֆիլմի սկիզբն է:
Ծառայության ժամանակ Տիգրանը դժվարություններ ունենում է, բայց դրանք շուտ հարթվում են ու նա դառնում է գերազանցիկ ծառայողներից մեկը: Ավելին, Տիգրանը սիրահարվում է զորամասի հրամանատարի դստերը` Արեւիկին: Վերջինս սիրում է նաեւ դասակի հրամանատար Աթայանը, որը իմանալով Տիգրանի սիրո մասին` “լարվում է” նրա դեմ: Բայց Տիգրանը տիրանում է Արեւիկի սրտին, բայց այստեղ էլ հյուր է գալիս կանադահայ Սյուզին եւ գիշերում հրամանատարի տանը:
Բնականաբար, աղջիկների զրույցը հասնում է սիրուն, եւ Սյուզին Արեւիկին ասում է, որ Տիգրանի համար է հազարավոր կիլոմետրեր կտրել:
Սիրավեպի ավարտին կարող եք ծանոթանալ դիտելով ֆիլմը, որը հունվարի 7-ից ցուցադրվում է եւ մեկ ամիս շարունակ այն կլինի տարբեր կինոթատրոններում: Բայց միայն ֆիլմում երիտասարդների սերը չէ: Հայ նորակոչիկները կոփվում են բանակում, սովորում դիմակայել պատերազմին եւ հաղթանակել: Նրանք գիտակցում են, որ սահմանների պաշտպանությունը իրենց ուսերին է: Նաեւ նոր ընկերներ են ձեռք բերում եւ անում ամեն ինչ, որ ընկերությունը հավետ մնա:
“Ես եմ” գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ` “32 production”-ի եւ “Գոյակ” մշակութային կենտրոնի կողմից: Բացի անվանի դերասան Սոս Սարգսյանից, մնացած դերերում նկարահանվել են սկսնակներ:
Ֆիլմի առաջնախաղը հունվարի 7-ին էր` “Մոսկվա” կինոթատրոնում: Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո կարմիր գորգով կինոդահլիճ էր մտնում ստեղծագործական խումբը: Մի պահ լրագրողները մտածեցին, որ պետական այրեր են մասնակցելու կինոդիտմանը, սակայն ոչ ոք այդ օրը չկար: