Համազեկուցողը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ: Քիչ առաջ ավարտվել է վերջինիս հանդիպումը ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, որ Ջոն Պրեսկոտի կողմից բավականին բարձր գնահատականի արժանացավ բարեփոխումների այն գործընթացը, որը նախաձեռնել է իշխանությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
“Ոստիկանության մասին օրենքի փոփոխությունների նախաձեռնությունը, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերի հետաքննության հետ կապված քաղաքական կամքը, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հստակ հանձնարարականները իրավապահ մարմիններին, բարձր գնահատվեց պարոն Պրեսկոտի կողմից: Նշվեց, որ արդեն հարցաքննվել է շուրջ 500 վկա եւ գործընթացը շարունակվում է”,- Henaran.am-ին ասաց Գագիկ Մելիքյանը: Առաջիկա ընտրությունների հետ կապված համազեկուցողը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը:
“Մենք մեր խոսքում շեշտեցինք, որ դա առավել քան պետք է հատկապես ՀՀԿ-ին, մենք ունենք քաղաքական կամք եւ բոլոր միջոցները` իրականացնելու այդ կամքը: Դա բավականին բարձր գնահատականի արժանացավ”,-շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը: Գագիկ Մելիքյանն ասաց նաեւ, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մեծամասնական-համամասնական ընտրակարգերի շուրջ ծավալվող քննարկումներին: “Ջոն Պրեսկոտը ընդդիմության կողմից այս խոսակցությունները գնահատեց որպես բազմակարծության եւ ժողովրդավարության դրսեւորում: Նա նշեց, որ դա Հայսաստանի որոշելիք խնդիրն է, եւ այդ հարցի հետ կապված վենետիկի հանձնաժողովն իր դիրքորոշումը հայտնել է”:
Henaran. am-ը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման մասին զրուցվել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եւ ԵԽԽՎ հայստանյան պատվիրակության անդմա Նաիրա Զոհրաբյանի հետ: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ Ջոն Պրեսկոտը, որ եկել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, նշել է, որ թե քաղաքական ուժերը, թե հասարակական սեկտորը, կարեւորել են սպասվող համապետական ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: “Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումները, թե ինչպիսի պատասխանատվություն պետք է վերցնեն խորհրդարանական ընտրարշավին հայտ ներկայացրած ուժերը, որպեսզի մեր երկրում առաջիկա ընտրություներն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, անդրադարձ է եղել նաեւ միջազգային դիտորդական առաքելության աշխատանքին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: “Պրեսկոտը շատ ճիշտ առաջարկ արեց` նշելով, որ երբ ձեւավորվի դիտորդական առաքելությունը, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որտեղ ներկայացված են հիմնական քաղաքական ուժերը, հանդիպեն դիտորդական առաքելության անդամների հետ եւ ներկայացնեն այն մտահոգությունները, որոնց վրա կուզենային,որ դիտորդներն ուշադրություն դարձնեին: Մենք հենց այդպես էլ կաշխատենք”,-մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելեց, որ իրենք կարեւորել են միջազգային դիտորդների` հատկապես երկարաժամկետ աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը: Համազեկուցողները հայաստանյան քննարկումների ժամանակ անդրադառնալու են 2008թ. մարտին 10 անձանց մահվան հետ կապված` ԵԽԽՎ 1837 բանաձեւի դրույթների իրականացմանն առնչվող հարցերին, ոստիկանության քաղաքացիական վերահսկողության անկախ կառույցի ստեղծման եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Վաղը առավոտյան նախատեսվում է մարտի 1-ի տասը զոհերի հարազատների հետ Ջոն Պրեսկոտի հանդիպումը: