23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն, գործարարներն ու ընտրությունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ում սկսվել են նախընտրական ցուցակների շուրջ քննարկումներ: Մասնավորապես քննարկվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների հարցը: Henaran.am-ի տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շարքում հնարավոր է, որ կրկին լինեն գործարարներ:

Մասնավորապես, խոսվում է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքից կրկին առաջադրվելու է գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որ գործող խորհրդարանի հայտնի օլիգարխ ու գործարար պատգամավորներից մեկն է, թեեւ ինքն իրեն այդպիսին չի համարում:

Henaran.am-ը ՀՀԿ նախընտրական ցուցակների եւ, մասնավորապես, խորհրդարանում գործարար պատգամավորների լինել-չլինելու մասին զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ` ընդգծելով այն փաստը, որ նախորդ տարվա ընթացքում խնդիրը բարձրացվում էր ՀՀԿ-ի կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական գործիչները բազմիցս հայտարարել են, որ գործարար պատգամավորներ ապագա խորհրդարանում չեն լինելու, իսկ երկրի նախագահը քաղաքականության ու բիզնեսի տարանջատման խնդիր էր դրել:

“Քննարկումներն այս պահին ծավալվում են ներկուսակցական-կազմակերպչական հարցերի եւ կուսակցության հերթական համագումարի շուրջ: Բնականաբար, քանի որ մենք արդեն մտնում ենք ընտրական փուլ, կուսակցությունը կքննարկի նաեւ մեծամասնական ու համամասնական պատգամավորների ցուցակների խնդիրը, բայց այդ քննարկումներն ավարտված չեն, եւ երբ լինի որոշումը, ես պատշաճ կարգով կտեղեկացնեմ”,-մեզ հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում գործարարների առկայության հարցին, Էդուարդ Շարմազանովն ասել է. “Գոյություն ունի ՀՀ Սահմանադրութուն, եւ ցանկացած քաղաքական ուժ պետք է գործի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Այո, անցած տարի ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք է այնպես անել, որ գործարարությունն ու բիզնեսը տարանջատվեն քաղաքականությունից: Մենք պետք է հասկանանք նաեւ, որ կա սեփականատեր եւ կա բիզնես-կառավարող հասկացությունը եւ պետք է զանազանեք դրանք”,-Henaran.am-ի հետ զրույցում շարունակել է Էդուարդ Շարմազանովն ու ներկայացրել այս հարցի շուրջ միջազգային փորձը. “Քաղաքականության մեջ շատ հարուստ մարդիկ կան, ովքեր ունեն լուրջ սեփականություն:

Ընդամենը օրինակ բերեմ ԱՄՆ-ի պատմությունից. Նյու-Յորքի նահանգապետը Ռոքվելլերների ընտանիքից էր եւ քիչ էր մնում դառնար նախագահի թեկնածու, Բուշերի, Քենեդիների ընտանիքը, որոնք շատ հարուստ են: Չեխիայում այսօր ամենահարուստ մարդկանցից մեկը արտգործնախարարն է, Ռուսաստանում Պրոխորովը` ամենահարուստ մարդկանցից մեկը, որին աջակցում են աջ ուժերը, առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ստացվում է, որ օրինակ, Սամվել Ալեքսանյանը ոչ թե գործարար, այլ սեփականատեր է, ՀՀԿ խոսնակն այսպես է արձագանքել. “Սամվել Ալեքսանյանը ինձ համար առաջին հերթին ԱԺ պատգամավոր է, իսկ գործարար է, թե ոչ, կարգավորվում է օրենքով: Կա սեփականություն եւ կա բիզնես կառավարում: Որեւէ մեկը իրավունք չունի սահմանափակել քաղաքացու` ինքնառաջադրվելու իրավունքը, եթե օրենքն այն չի սահմանափակում”:

ՀՀԿ խոսնակը նշել է, որ գործող խորհրդարանի գրեթե բոլոր ֆրակցիաների համամասնական ցուցակներում ներկայացված են պատգամավորներ, որոնք ունեն որոշակի սեփականություն: “Պետք է դուրս գալ այն կարծրատիպերից, որ եթե մարդը հարուստ է, ուրեմն վատ պատգամավոր կարող է լինել, մարդն իր քրտինքով է դարձել հարուստ”,-ասել է Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ վերջին հաշվով, վճռորոշը ժողովրդի քվեն է: Մեր զրուցակիցը միեւնուն ժամանակ նշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակների փիլիսոփայությունը ենթադրում է, որ այնտեղ հիմնականում կլինեն քաղաքական գործիչներ` թե փորձառու, թե երիտասարդ, որոնք աչքի չեն ընկնում իրենց ունեցած սեփականությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ