Ինչու՞ Օսկանյանը հրաժարվեց Սիվիլիթասից
Վարդան Օսկանյանի հրաժարականը Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից.
‘ 2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ եւ ամրապնդել քաղաքացիական հասարակությունը:
Հենց այս տրամադրվածությամբ ես հիմնեցի Սիվիլիթաս հիմնադրամը, որի բոլոր ջանքերն ուղղված են եղել երկրում փոփոխություններ բերելուն: Նոր գաղափարներով, հուսառատ ու բանիմաց երիտասարդների թիմով ու մի շարք անհատների եւ կազմակերպությունների աջակցությամբ Սիվիլիթասը Հայաստանի հասարակական կյանքին բերեց նոր շունչ, նոր ակնկալիքներ եւ նոր մշակույթ՝ հանրային քննարկումների կազմակերպման, գյուղական զարգացման ծրագրերի, հետազոտական աշխատանքների եւ լրատվության ոլորտներում:
Այս ամենը մենք աննպատակ չենք արել: Ես համոզված եմ, որ Սիվիլիթասի նման կառույցները պատասխանատու են քաղաքացիական հասարակության պահանջներին արձագանքելու եւ նույնիսկ նրան ուղղորդելու համար, որպեսզի հասարակությունը լուրջ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում: Պետք չէ ակնկալել, որ որեւէ կառավարություն հոժարակամ կարձագանքի հասարակության պահանջներին: Քաղաքացիական հասարակությունն է, որ իշխանություններին պետք է ստիպի արձագանքել ժողովրդի կարիքներին եւ լինել հաշվետու:
Ես նաեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին անհատ նույնպես պատասխանատվություն պետք է ունենա երկրի զարգացման գործում: Լատիներեն ‘civilitas’ բառը հենց դա էլ նշանակում է՝ քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առջեւ: Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն:
Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը:
Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որեւէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, եւ ժամանակն է, որ Հայաստանում եւս չխուսափենք նման ընկալումներից’:
Henaran.am -ին հաղորդում են Սիվիլիթաս հիմնադրամի մամլո գրասենյակից