Նոբելյան մրցանակակիրները դասախոսեցին հայ երիտասարդների համար
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցան Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի և Մարտին Չալֆիի հանրային դասախոսությունները։ Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի,Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, Մատենադարանի աջակցությամբ։ Դասախոսություններին մասնակցում էին կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված ավելի քան 180 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ:
Թիմ Հանթի դասախոսությունը նվիրված էր քաղցկեղի հիմնախնդիրներին։ Ըստ նրա՝ այն առավելապես ծերերի հիվանդություն է։ Գիտնականը նշում է, որ անցած մեկ դարի ընթացքում քաղցկեղի որոշ տեսակներ անհետացել են, մասնավորապես, ստամոքսի քաղցկեղն այսօր շատ հազվադեպ է հանդիպում։ Փոխարենն աճել են այլ տեսակներ, օրինակ, թոքի քաղցկեղը, ինչը մեծապես պայմանավորված է ծխելու հետ։ Նա ողբերգական է համարում, որ ծխողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ կանայք։ Ըստ գիտնականի՝ ծխախոտի ծուխն արտադրում է քիմիական նյութեր, ինչը վնասում է ԴՆԹ-ն։ Թիմ Հանթը նշեց, որ քաղցկեղի բուժումն էականորեն բարելավվել է։ Հիվանդության բուժման համար պետք է ազատվել քաղցկեղի բոլոր բջիջներից։
“Եթե քաղցկեղ ունեք, աղոթեք, որ բջիջները հավաքված լինեն մի տեղում, որպեսզի վիրաբույժը պարզապես կտրի-հանի դրանք”,- ասաց Թիմ Հանթը։ Իր դասախոսության ընթացքում նա անդրադարձավ քաղցկեղի առաջացման պատճառներին, հիվանդության զարգացման փուլերին, ներկայացրեց գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ են կատարել այդ ոլորտում։ Մեծ Բրիտանիան ներկայացնող Թիմ Հանթը բջջի բաժանումը կարգավորող սպիտակուցների՝ ցիկլինների հայտնագործողն է, ինչի համար Լելանդ Հարթվելի և Փոլ Ներսի հետ համատեղ 2001թ. արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Թիմ Հանթը նշում է, որ Նոբելյան մրցանակ ստանալու լուրն իր համար ցնցող էր։ ՙՆոբելյան մրցանակն այնքան մեծ է, որ որևէ մեկը չի կարող ակնկալել, թե հնարավոր է հասնել դրան։ Երկար ժամանակ չէի հավատում, որ արժանացել եմ այդ մրցանակին։ Ես ունեմ նույն ոլորտում աշխատող շատ գործընկերներ, որ ինձնից ավելի լավ գիտնականներ են, սակայն ես ավելի բախտավոր գտնվեցի, քան նրանք՚,- ասում է Թիմ Հանթը։
Ամերիկացի գիտնական Մարտին Չալֆին իր դասախոսության ընթացքում անդրադարձավ կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցներին և դրանց անջատման մեթոդին։ Մարտին Չալֆին Օսամու Շիմոմուրայի և Ռոջեր Ցիենի հետ համատեղ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.։
Դասախոսություններից հետո գիտնականները պատասխանեցին ներկաների հարցերին։
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում նույն օրը երեկոյան Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Շուրջ 30 երիտասարդ բնագետներ Նոբելյան մրցանակակիրների հետ անմիջական շփման միջոցով քննարկեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան խորհուրդներ բարձրակարգ գիտնական դառնալու համար անհրաժեշտ հմտությունների վերաբերյալ:
Նոբելյան մրցանակակիրները նշեցին, որ տպավորված են Հայաստան կատարած այցով։ Նրանք մեծ ներուժ են տեսնում երիտասարդ հայ գիտնականների մեջ։
Henaran.am-ի ն տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: