04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քլինթոնը պետք է հրաժարական տա Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական հայտարարություններ անելու համար. Հարութ Սասունյան

Տեսնենք, թե դեռ որքան կարող է պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը դրժել իր խոստումը եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական հայտարարություններ անել, քանի դեռ նրան չեն անվանել ստախոս եւ ստիպել հրաժարական տալ:

Ամերիկահայությունը հագեցած է Քլինթոնով եւ նրա ղեկավար Բարաք Օբամայով, ով նույնպես չի կատարել Հայոց ցեղասպանության հետ կապված իր խոստումները: Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը միակ խնդիրը չէ: Օբամայի վարչակազմը հիասթափեցրել է ամերիկահայ համայնքին բազմաթիվ հարցերում` ներառյալ կրճատելով Հայաստանին տրամադրվող արտաքին օժանդակությունը, չսատարելով Արցախի` ինքնորոշման իրավունքը եւ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Թուրքիայի հետ ստորագրի իր ազգային շահերը վնասող պայմանագիր:

Այս հոդվածում մենք կանդրադառնանք պետքարտուղար Քլինթոնին եւ այլ առիթով կարտահայտենք մեր դժգոհությունը նախագահ Օբամայի քաղաքականության կապակցությամբ` գալիք նախագահական ընտրությունների համատեքստում:

Քլինթոնը, երբ դեռ ԱՄՆ սենատոր էր, սատարել է մի բանաձևի, որով կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2006 եւ 2008 թվականներին, միանալով այդ ժամանակ սենատոր Օբամային, նա ուղարկեց նամակներ նախագահ Ջորջ Վ. Բուշին` նկարագրելով Հայոց ցեղասպանությունը որպես “համակարգված ու կանխամտածված Ցեղասպանության արշավ` իրագործված  Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին: Ցեղասպանության զոհերն արժանի են մեր հիշատակությանը, որ գրավեն իրենց պատշաճ տեղը պատմության էջերում”:

2008 թվականի հունվարի 24–ին, որպես նախագահի թեկնածու տիկին Քլինթոնը գրավոր հայտարարել էր, որ “Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ահռելի իրադարձությունները կբնութագրվեն որպես ցեղասպանության բացահայտ   դեպք… Մեր հասարակության բարոյականությունը եւ մեր ազգի վարկը, որպես մարդու իրավունքների ջատագով, մարտահրավեր է նետում, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի եւ հիշատակվի կոնգրեսի և նախագահի կողմից”:

Պետքարտուղար դառնալուց հետո տիկին Քլինթոնը հավանաբար տառապում է հիշողության կորստով: 2012 թվականի հունվարի 26–ին Պետական դեպարտամենտում “Town Hall”-ի հանդիպման ժամանակ, նա փոխեց “Ցեղասպանության բացահայտ դեպքը” նախկին բնութագրումը` “պատմական բանավեճի նյութ” բնութագրման: Մինչ Հայոց ցեղասպանության պատմական փաստերը մնում են անփոփոխ, միակ փոփոխությունը Քլինթոնի` ճշմարտությունը ասելու բարոյական կարողությունն է:

Քլինթոնի խախտված բարոյական հատկանիշները զայրացրել են ամերիկահայ համայնքին: Ամերիկայի հայկական համագումարի անդամները նամակ են հղել նախագահ Օբամային, որտեղ արտահայտում էին իրենց բողոքը տիկին Քլինթոնի`  “անհիմն” հայտարարության վերաբերյալ, իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պահանջել է պետքարտուղարին հրաժարվել իր խորը վիրավորական դիրքորոշումից, որը թութակի պես կրկնում է Թուրքիայի ռեւիզիոնիստ տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Փետրվարի 28-ին Կոնգրեսի ավելի քան 60 անդամ դեմոկրատ եւ հանրապետական կուսակցություններից համատեղ նամակ են հղել տիկին Քլինթոնին` հայտնելով իրենց “խորը մտահոգությունը” հունվարի 26–ին նրա  արած հայտարարության կապակցությամբ, որով “խեղաթյուրված էր” Հայոց ցեղասպանությունը: Նրանք կոչ են արել պետքարտուղարին հերքել իր “լավ չմտածված հայտարարությունը”   եւ վերահաստատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախկին հանձնառությունը:

Փետրվարի 29-ին Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հակադարձեց պետքարտուղարին Ներկայացուցիչների պալատի արտերկրի հատկացումների ենթակոմիտեում ելույթի ժամանակ: Հիշեցնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա ավելի վաղ արված ճշմարտացի հայտարարությունները` կոնգրեսականն ուղիղ հարցրեց. “Ունե՞ք որեւէ խնդիր այն  հարցի կապակցությամբ, որ 1915-ից 1923-ի միջև ընկած ողբերգական շրջանի փաստերը ցեղասպանություն են: Ձեր դիրքորոշումը տարբերվո՞ւմ է  սենատոր եղած ժամանակ ունեցած Ձեր տեսակետից”: Երբ պետքարտուղար Քլինթոնը տվեց խուսափողական ու թույլ պատասխաններ, կոնգրեսական Շիֆը սաստեց նրան` ասելով. “Ցավոք սրտի, սա ավելի շատ թուրքական կառավարությանը բնորոշ ուղեգիծն է”:

Հայկական համագումարի եւ Հայ դատի նամակներին ուղղված իր մարտի 1–ի պատասխանում, պետքարտուղարը կրկին օգտագործեց մեղմասացություն Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելու համար եւ կոչ արեց Հայաստանին և Թուրքիային “աշխատել միասին ընդհանուր պատմության հարցերը լուծելու համար”: Սա, նույնքան դատապարտելի է, որքան, որ Հոլոքոստ եզրույթն օգտագործելուց խուսափելը եւ հրեաներին կոչ անելը, որպեսզի վերջիններս լուծեն իրենց տարաձայնությունները նեոնացիստների հետ:

Տիկին Քլինթոնը մարտի 1–ի իր պատասխան նամակում նաև գրում է, որ 2010թ. Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է “Ծիծեռնակաբերդի հուշահամալիր”` որպես “հարգանքի նշան այս ողբերգությունում նահատակված զոհերի հիշատակին”: Այս մեկ նախադասության մեջ կան երկու խեղաթյուրումներ: Քլինթոնը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը` որպես “ողբերգություն” եւ խուսափում է անվանել “Հայոց ցեղասպանության հուշարձանը” իր իսկական անունով:

Ավելին, պետքարտուղարը իր հետ ճամփորդող միջազգային լրատվամիջոցներին չէր հրավիրել “Հայոց ցեղասպանության հուշահամալիր” իր “թաքուն” այցելությունը լուսաբանելու համար` չցանկանալով վիրավորել թուրք ժխտողականների “նուրբ զգացմունքները”: Եվ ավելի նսեմացնելու համար իր այդ այցը, Երևանում ԱՄՆ դեսպանատունը անխոհեմ մի մամլո հաղորդագրություն թողարկեց` նկարագրելով Քլինթոնի կողմից “հուշահամալիր” կատարած կարճատև այցը որպես “անձնական”, ոչ` պաշտոնական այց:

Եթե պետքարտուղար Քլինթոնը աներ նմանատիպ վիրավորական մեկնաբանություններ Հոլոքոստի վերաբերյալ, նա հենց նույն օրն իսկ ազատված կլիներ աշխատանքից: Ամերիկահայերի պահանջը պետք է ոչ պակաս լինի: Բարեբախտաբար, տիկին Քլինթոնը հայտարարել է, որ ինքը հեռանալու  է պաշտոնից այս տարվա վերջում: Մենք ասում ենք նրան բարի ճանապարհ, լավ ձերբազատում:

Հարութ Սասունյան, “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ