Ցրտահարվել են շտապօգնության բժշկուհու ոտքերը. 1 կմ-ից ավել ճանապարհը հաղթահարել են ոտքով
Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ռոլանդ Խաչատրյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան Վարդենիսի հիվանդանոցում կանչ է գրանցվել Վերին Շորժայի գյուղապետի կողմից, որում ասված էր, որ Վ. Գետաշենցի 23 ամյա Սուրեն Ղարիբյանը շտապ բուժօգնության կարիք ունի: Վ.Շորժան- Վարդենիս 9 կմ երկարությամբ ճանապարհը ոչ միայն անբարեկարգ է, այլեւ` անանցանելի ձմռանը:
Շտապօգնության կայանի բժիշկ Հրաչյա Հակոբյանը եւ բուժքույր Գալյա Մելքոնյանը մեկնել են դեպքի վայր: Սակայն Վարդենիս-Այրք- Վ. Շորժա ճանապարհը ձնաբքի պատճառով անանցանելի էր:
Գյուղապետ Արտյոմ Երանոսյանի աջակցությամբ, ճանապարհը մաքրող տրակտորի եւ ամենագնաց մեքենայի օգնությամբ բուժանձնակազմին հաջողվել է անցնել ճանապարհի մեծ մասը մի քանի ժամվա ընթացքում: Սակայն մինչեւ հիվանդին հասնելը բուժանձնակազմը ստիպված է եղել 1 կմ-ից ավել դժվարանցանելի ճանապարհը հաղթահարել ոտքով:
Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հարկ է եղել հիվանդին տեղափոխել Վարդենիս: Բուժաշխատակիցները նույն ճանապարհը դարձյալ անցնել են ոտքով` իրենց հետ տեղափոխելով հիվանդին: Հիվանդանոցում 23 ամյա հիվանդի վիճակը կայունացել է, եւ այսօր իր կամքով դուրս է գրվել:
Ինչպես Henaran.am-ին հայտնեցին Վարդենիսի հիվանդանոցից` բժշկուհի Գալյա Մելքոնյանի ոտքերը ցրտահարվել են` ձնաբուքը հաղթահարելիս: