Մաշտոցի պուրակի համար պայքարողները վստահեցնում են, որ ոստիկաններն իրենց խոշտանգել են
‘’Մենք ենք այս քաղաքի տերը’’ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել այս գիշեր մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘’Ոստիկանությունը մթության քողի տակ բիրտ ուժ է կիրառել Մաշտոցի պուրակի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանության գործողությունները հակասահմանադրական են:
Սույն թվականի մարտի 14-ին, երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ,մթության քողի ներքո, ֆիզիկական ուժ է կիրառել Մաշտոցի պուրակում իրենց արդարացի բողոքն արտահայտող եւ միեւնույն ժամանակ խաղաղ նստացույցի մասնակիցներիս հանդեպ` շրջափակելով վրանի տարածքը, քանդեցին եւ պատռեցին այն, եւ բռնություն գործադրելու միջոցով` վրանում գտնվող ակցիայի մասնակիցներիցս մեկի նկատմամբ, առգրավվեց վրանը եւ վրանի մեջ գտնվող բոլոր իրերը` քնապարկերն ու ծածկոցները, հագուստ,ակտիվիսներից մեկի ակնոցը, անձնական պայուսակը եւ բաճկոնը: Ոստիկանական անօրինական, բիրտ եւպատժիչ գործողություններն իրականացվել են մթության վրա հասնելուն պես եւ հանկարծակի՝ առանց նախազգուշացման:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այս սցենարն արդեն նախապես ուներ, ավելին ուներ նաեւ հրահանգ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակում ոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգստություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մեր հարցին, ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանեցին, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միեւնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ` ‘’էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք’’:
Այնուհետեւ, այդ պահին, ‘’Մետելիցա’’ սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գոռգոռացին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, եւ 100-ից ավելի ոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակական կարգը խախտում էին միմյանց վրա գորգոռում եւ հայհոյում էին հասարակական վայրում:
Չէ որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանելու համար, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրող գործողությունների: Սույն դեպքը, թույլ է տալիս մեզ` քաղաքացիական հասարակության սուբյեկտներիս ,արձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին եւ ստոր քայլի, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր,քան ոստիկանների թիվը:
Մենք վրանը տեղադրել ենք 13,03,2012թ. նստացույցը սկսելու մասին հայտարարության օրը, որը, ըստ ՀՀՍահմանադրության կրում է օրինական բնույթ եւ չի խախտում որեւէ օրենք եւ այլոց իրավունքներ: Սակայն, ինչպես տեսնում ենք հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու:
Ու զավեշտալին այն է, որ այս քայլին ՀՀ ոստիկանությունը դիմում է այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում`հանրային կանաչ տարածքում ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կառուցվել եւ տեղադրվել են բուտիկներ:
Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում` երբ իր սահմանադրական իրավունքն իրականացնող եւ բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանց նախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը, նրան թողնելով դրսումսառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում: Մենք բղավում էինք, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվ հասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաեւ հրեցին մի լրագրողի, ով իր աշխատանքն էր կատարում պուրակում:
Այդպիսով ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար: Ոստիկանության գործողություններն ուղեկցվելեն քաղաքացիական համազգեստով աշխատակիցների սադրիչ քայլերի, ովքեր վեճ հրահրելով, շեղել են հավաքի մասնակիցների ուշադրությունը վրանի տեղահանմանն ուղղված հարյուրավոր ոստիկանների բռնության գործադրմամբ գործողությունից:
Ոստիկանականության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալին հատուկ աշխատելաոճի կիրառման եւ ՀՀ Սահմանադրության բացահայտ եւ անամոթաբար ոտնահարման մասին:Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին անգամ վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության եւ իրապահ համակարգի պատասխանատուները:
Ոստիկանական բռնությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամայական եւ սուբյեկտիվ հայտարարություն է տարածել դեպքի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բռնության մասին լուրին արձագանքելով՝ Մաշտոցի պուրակում հավաքի մասնակիցների թիվը եռապատկվել է: Քաղաքացիները որոշելեն, չնայած ոստիկանության նենգ ու բռնի գործողություններին, շարունակել անժամկետ նստացույցը եւ պատասխանատվության կանչել անօրինականություն իրականացնողներին:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, Մաշտոցի այգու պաշտպանների անունից հայտարարում ենք.
Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաներն այնքան ժամանակ,մինչեւ որ կապամոնտաժվեն անօրինական կառույցները Մաշտոցի հանրային զբոսայգուց:
Դիմում եւ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀոստիկանության պետին Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների եւ նրանց գործողություններըղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն եւ պատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող եւ կատարող անձանց’:
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանները վստահեցնում են, որ ոստիկանները իրենց վրանը գողացել են, եւ ‘սուտ’ կռիվ են սարքել:
“Գոռգոռոցներով ու հայհոյանքներով մեր ուշադրությունը շեղեցին, իսկ մյուս կողմից մոտ հարյուր ոստիկան շրջանաձեւ փակեցին վրանը, ընդ որում վրանում մարդիկ կային քնած, ճղեցին վրանը, իսկ մարդիկ մնացին գետնին պարկած”,- օգնության կանչելով իր համաքաղաքացիներին գրում է Մարիամախոտ Սուխուդյանն իր Facebook-յան էջում:
Չնայած ոստիկաններին հաջողվեց տանել բնապահպան ակտիվիստների վրանը, սակայն որոշ ժամանակ անց նոր վրան է հայտնվել Մաշտոցի պուրակում, եւ բնապահպաններն իրենց նստացույցը շարունակել են: