09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծխախոտ, ավելորդ քաշ եւ թերշարժունություն` հիվանդ սիրտ ունենալու 3 պատճառ

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չափահաս երեւանցիների 30 տոկոսը` 250-300 հազար, հիպերտոնիկ հիվանդ է: Նրանցից ընդամենը 7 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Նրա խոսքով՝ եղանակային փոփոխությունները լուրջ ազդեցություն կարող են ունենալ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում:

‘’Գարունը զարթոնք է, ձմռան թմբիրից հետո օրգանիզմն արթնանում է ու որոշակի պայմաններում, դեռեւս չհասցնելով ադապտացվել, կարող է ունենալ որոշակի բարդություններ ախտաբանական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ’’,- ասաց բժիշկը` հավելելով, որ եղանակի եւ գեոմագնիսական դաշտի կտրուկ փոփոխությունները, մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները այն հիմնական գործոններն  են, որոնք ազդում են սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա գարնան առաջին ամսվա ընթացքում:

Մասնագետը նշեց, որ կրծքավանդակի շրջանում անգամ մի փոքր ծանրություն զգալու դեպքում, անհապաղ պետք է դիմել բժշկի, քանի որ դա արդեն կարող է սրտամկանի ինֆարկտի նախանշան հանդիսանալ. ‘’Որքան շուտ դիմեք բժշկի, այնքան շուտ կկանխվի սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Եւ եթե ուզում եք ձեր սիրտն առողջ լինի, պետք է սննդակարգում պակասեցնեք ճարպերի ու աղի քանակությունը, իսկ ալկոհոլի չափավոր օգտագործումը օգտակար է սիրտանոթային հիվանդությունների համար’’,- խորհուրդ տվեց Պարունակ Զելվեյանը:

Սրտաբանը նշեց, որ վերջին տարիներին արդյունավետ բուժվողների դրական աճ արձանագրվում է, քանի որ ախտորոշիչ ծառայությունների որակն է բարձրացել:

Նա միաժամանակ արձանագրեց, որ նկատվում է  սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում, որին նպաստում են երեք լուրջ գործոն՝ ծխելը, ավելորդ քաշը, թերշարժունակությունը: ‘’Էներգիան սննդի միջոցով ստանում ենք, սակայն չենք ծախսում, երթեւեկում ենք մեքենաներով, մի բազմոցից տեղափոխվում ենք մյուսին, զլանում ենք աստիճաններով բարձրանալ, վերելակ ենք նստում: Եվ այսքանից հետո ակնկալել, որ մենք կունենանք առողջ երիտասարդություն, ռեալ չէ ’’,- նկատեց Երեւանի գլխավոր սրտաբանը:

Մասնագետն անդրադարձավ նաեւ հեռուստեթերին, նշելով, որ ամեն ինչ գովազդվում է, բացի առողջ ապրելակերպից։ Այս համատեքստում սրտաբանը շատ կարեւորեց սոցիալական գովազդի անհրաժեշտությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ