Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Վի Սոն Լակը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր փորձն ու կարողությունները դեսպան Վի Սոն Լակը լավագույնս կօգտագործի Հայաստանի եւ Կորեայի միջեւ հարաբերությունների խորացման գործում:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի փոխայցելությունները վկայում են հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու երկկողմ ցանկության մասին: Կարեւորվել է հատկապես միջազգային կառույցներում, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ աշխատանքը:
Կորեայի դեսպանն ուրախությամբ է փաստել, որ մեր երկիր է ժամանել Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում եւ հանձնառություն ունի շարունակելու եւ զարգացնելու այն ձեռքբերումները, որոնք բարեկամ երկու երկրներն ունեցել են անցած 20 տարիների ընթացքում:
Դեսպան Վի Սոն Լակի համոզմամբ, հայ-կորեական քաղաքական երկխոսությանը նոր որակ եւ բովանդակություն կհաղորդի նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Կորեայի Հանրապետություն:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից