Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 3 տարեկան է
‘Սպառողների համար ամենաէականը վստահությունն է : Հաշտարարի գրասենյակը հենց դրան է նպաստում, որն էլ բերում է ֆինանսական ներդրումների աճի’’,- սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` հավելելով, որ այս տարի լրանում է Հայաստանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման 3-րդ տարին:
Նրա հավաստմամբ, իրենց գրասենյակի հանդեպ սպառողների վստահությունը տարեցտարի ավելանում է: Այս տարվա ընթացքում ֆինանսական համակարգի հաշտարարն արդեն ստացել է 200 բողոք: Հիմնականում բողոքներն ուղղված են եղել ֆինանսական կազմակերպությունների դեմ:
Ներկայացրած տվյալների համաձայն, 2011 թվականին ներկայացվել է ընդհանուր առմամբ 803 բողոք. 62 բողոք եղել է բանկերի դեմ, 68-ը` ապահովագրական կազմակերպությունների, 3-ը` ավտոապահովագրողների բյուրոյի եւ այլն: 39 բողոք եղել է ԱՊՊԱ-ի դեմ:
‘’Մեր գործունեության 1-ին տարվա ընթացքում մեզ դիմած սպառողների բավարարված, փոխհատուցված գումարի չափը 26մլն. դրամ է, 2010թ. 29 մլն.դրամ, իսկ 2011թ.` 58 մլն: Անցյալ տարի մեր գրասենյակի ծառայությանն են դիմել 803, իսկ այս տարի արդեն 200 սպառող: 2011թ. աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել, մոտ 70%դիմումների բավարարում հօգուտ սպառողի’’,-ասաց Փ. Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց գրասենյակը նաեւ կրթական ծրագրեր է իրականացնում, որի նպատակն է սպառողների շրջանում ավելացնել իրենց իրավունքների մասին տեղեկատվությունը, դպրոցներում, բուհերում դասընթացներ են անցկացնում, մարզեր` սեմինարներ, իսկ նպատակն է` բարձրացնել կրթվածության մակարդակը:
Բանախոսն ասաց, որ ֆինանսական կազմակերպությունները պատրաստակամ են, որ խնդիրները սպառողների հետ լուծվի հաշտեցման ճանապարհով: