Թամամյանն ու երկու ամբաստանյալներն ընդունեցին մեղադրանքը. արագացված դատաքննություն են ուզում/վիդեո/
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը:
Դատական նիստում պետք է լսեին վկաներին: Մինչ այդ դատավորը ներկայացրեց Արմեն Պողոսյանի եւ Վահագն Խանզադյանի փաստաբանների միջնորդությունները, որ իրենց պաշտպանյալները ընդունում են մեղադրանքը, գիտակցում են հանցանքի չափն ու խնդրում են դատարանից իրականացնել արագացված դատաքննություն: Դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ վաղաժամ է միջնորդության քննարկումը եւ դա կքննարկվի մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո: Պետական մեղադրողը հրապարակեց մեղադրանքի եզրափակիչ մասը:
Դատավորը ամբաստանյալ Հովհաննես Թամամյանից փորձեց ճշտել համաձայն է արագացված դատաքննության: Վերջինիս պաշտպանը դատարանից խնդրեց տասը րոպե ընդմիջում խորհրդակցելու եւ որոշում կայացնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հովհաննես Թամամյանը հայտարարեց, որ համաձայն է արագացված դատաքննության եւ ընդունում է մեղադրանքը:
Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացրեց գործի այն դրվագները, որոնք դատարանը պետք է ուսումնասիրի վճիռ կայացնելուց առաջ: Երեք ամբաստանյալներն էլ բնութագրվում են դրական, նախկինում դատված չեն եղել, բարեխղճորեն եւ օպերատիվ կատարել են իրենց գործառույթները:
Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի անմիջական ղեկավարությամբ բացահայտվել ծանր եւ առավել ծանր հանցագործություններ:
Արագացված դատաքննությունը ավարտվեց եւ դատարանը անցավ վիճաբանությունների փուլին:
Բնականաբար, դատախազը պատրաստ չէր մեղադրական եզրակացությանը եւ նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 20-ը:
http://youtu.be/rKmlxWl0-dw