Նիկոյանի փիլիսոփայությունը` Հովիկ Աբրահամյանի վերադարձի եւ ցուցակի շուրջ
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մեկնաբանել է այսօր առավոտյան քվեարկությունների ժամանակ ստեղծված իրավիճակը եւ մասնավորապես անդրադարձել այն հարցին, թե ինչու քվեարկության չդրվեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը:
“Իսկ ո՞վ ասաց, որ օրինագիծն այսօր պետք է դրվեր քվեարկության”,- նկատել է Սամվել Նիկոյանը եւ հավելել, որ ԱԺ նախագահը ինքն է որոշում քննարկվող ու քվեարկվող հարցերի հաջորդականությունը: ԱԺ նախագահը նշել է, որ այդ պահին նպատակահարմար չի համարել հարցը դնել քվեարկության:
“Հաշվի առնելով հնարավոր կողմ և չքվեարկող պատգամավորների թվի հարաբերակցությունը ես այդ հարցը տեղափոխեցի այն պահի, երբ հարմար կլինի”,- հստակեցրել է ԱԺ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը, թե նշանակում է սա արդյոք, որ կոալիցիոն գործընկերների բացակայության պայմաններում նախագիծը գուցե տապալվեր քվեարկության դնելու դեպքում, Նիկոյանն ասել է, թե չի կարող ասել, որ դա հենց այդպես է, բայց եւ չի բացառել այդ հնարավորությունը: ԱԺ նախագահն ասել է, որ նախագիծը քվեարկության կդրվի վաղը` մարտի 21-ի առավոտյան եւ ՀՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կլինի:
Լրագրողների խնդրանքով Սամվել Նիկոյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակին եւ նշել, որ իր զբաղեցրած տեղից չի դժգոհում: Սամվել Նիկոյանը հիշեցրել է, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀԿ ցուցակի 24-րդ հորիզոնականը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք վիրավորված չէ, որ ՀՀԿ ցուցակում 5-րդ-ն է: “Ես շատ փիլիսոփայորեն եմ ամեն ինչին նայում: Անցած ցուցակում 24-րդն էի ու եթե հիմա 5-րդն եմ, դա լավ է, ի՞նչ է եղել որ”,-նկատել է ԱԺ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ ցուցակում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի`2-րդը լինելու հանգամանքն արդյո՞ք չի վկայում այն մասին, որ նա կրկին ԱԺ նախագահ կդառնա, Սամվել Նիկոյանը խորհուրդ է տվել եզրակացություններ ու կանխատեսումներ չանել:
“Իրադարձությունները նախընտրական փուլում կարող են զարգանալ տարբեր տրամաբանությամբ”,-նշել է ԱԺ նախագահը եւ հավելել, որ ընտրություններն ամեն ինչ կսրբագրեն: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ ցուցակում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ներգրավվածությանը, Սամվել Նիկոյանն ասել է, որ Մանվել Գրիգորյանը խորհրդարանում կանի այն, ինչ մնացած պատգամավորները:
ՀՀԿ ցուցակում ոչ հանրապետականների եւ կուսակցականների զբաղեցրած հորիզոնականների մասին հարցին ի պատասխան, ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն: ԱԺ նախագահը նաեւ նշել է, որ ՀՀԿ ցուցակը երիտասարդացել է: