Շվեյցարիան պատրաստ է վերականգնել միջնորդական առաքելությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
Շվեյցարիան եւ Թուրքիան ցանկանում են ամրացնել իրենց տնտեսական համագործակցությունը, տեղեկացնում է շվեյցարական “RTS” կայքը:
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի նախագահ եւ էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամմանը` 15 գործարարների ուղեկցությամբ, Անկարայում հանդիպել է մի քանի թուրք նախարարների հետ, որպեսզի քննարկի շվեյցարական շահերը` հեռանկար ունեցող շուկայում: Բանակցություններից հետո շվեյցարացի նախարարն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ զարգացման պոտենցիալը մեծ է:
Շվեյցարիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բավականին լարված էին, հատկապես 2003-ին Շվեյցարիայի Ազգային ժողովի կողմից` Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Չնայած դրան Շվեյցարիան միջնորդ հանդիսացավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչի շնորհիվ 2009-ին 2 արձանագրություն ստորագրվեց` հարաբերությունները բարելավելու նպատակով:
Գործընթացը սառեցվել էր 2010-ին, սակայն Յոհան Շնայդեր-Ամմանը հայտարարել է, որ Շվեյցարիան պատրաստ է վերականգնել միջնորդական առաքելությունը, եթե 2 կողմերն էլ համաձայն են: