Համագործակցություն Հայաստանի եւ Հունաստանի հանրային խորհուրդների միջեւ
Մարտի 23-ին Հայաստանի հանրային խորհրդի եւ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:
Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը բարձր գնահատեց Հայաստանի հանրային խորհրդի հետ համագործակցելու հեռանկարները` նշելով, որ իրենք կաջակցեն Հայաստանին Եվրոպական ամենատարբեր կառույցներում ինտեգրվելու գործում, ինչպես նաեւ կնպաստեն Հայաստանի հետ առկա հարաբերությունների խորացմանը:
Երկուստեք կարեւորվեց առավել սերտ կապերի հաստատումը հատկապես երկու երկրների հասարակությունների միջեւ: Շոշափվեցին Հայաստանի եւ Հունաստանի համար ընդհանուր սոցիալական, տնտեսական եւ քաղաքական մի շարք հարցեր: Ընդգծվեց հանրային խորհուրդների դերը` որպես երկրի իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսություն, ինչպես նաեւ հասարակական ներդաշնակության ապահովման կարեւորագույն միջոց:
‘Սա երկու խորհուրդների միջեւ համագործակցության առաջին քայլն է,-նշեց Վազգեն Մանուկյանը,-սակայն հետագայում կհստակեցվեն եւ համատեղ կմշակվեն համագործակցության հստակ ոլորտներն ու եղանակները’:
Նշենք, որ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին եւ բավականին մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունի թե´ իշխանությունների եւ թե´ հասարակության շրջանում: Կառույցի գործունեության ակտիվությունն ու արդյունավետությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այն ամրագրված է երկրի սահմանադրության մեջ:
Հաայաստանի Հանրային խորհուրդը, ուսումնասիրելով Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի գործունեությունն ու փորձը, խորհրդի պատվիրակությանը հրավիրել է Հայաստան` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով:
Henaran.am-ին հաղորդում են Հանրային Խորհրդի լրատվական ծառայությունից