ՀՀ նախագահը ներկա է եղել չինական ավտոբուսների եւ ‘Հայփոստի’ նորացված ավտոմեքենաների գործարկմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ծանոթացել է կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացի բարելավման նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսների հնարավորություններին, որոնք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում եւ, համաձայն Երեւան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղեւորատար տրանսպորտային հոսքերը:
Ավտոբուսները ներկրվել են Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: ‘Հայգեր’ մակնիշի թվով 249 այդ ավտոբուսները՝ ընդհանուր 45 ուղեւոր տեղատարողությամբ եւ 22 նստատեղով, համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է մինչեւ տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղեւորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Ավտոբուսներից մեկով Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակից մեկնել է Շահումյան հրապարակ, որտեղ ծանոթացել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի ներկայացրած ‘Հայփոստ’-ի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին: ‘Հայփոստ’ ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչը եւ ընկերության պաշտոնատար անձինք Սերժ Սարգսյանին ներկայացրել են ‘Հայփոստ’-ում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները:
Նշվել է, որ ‘Հայփոստ’-ի արդիականացման հերթական փուլը նշանավորվում է փոստային կապի ծառայությունների մոդելավորման ժամանակակից համակարգերի ներդրմամբ, ինչը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրում եւ օգտագործում, հիմնական միջոցների արդիականացման եւ վերանորոգման աշխատանքներ, աշխատողների վերապատրաստում, նոր սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ներդրում, նոր ծառայությունների մշակում եւ առաջարկում, սպասարկման որակի բարձրացում:
‘Հայփոստ’-ի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հավատարմագրային կառավարիչը ձեւավորում են ‘Հայփոստ’-ի կառավարման նոր մոդել, որը հիմնված է արդիականացման Մաստեր պլանի վրա: Նորացված ‘Հայփոստ’-ը, ընկերության ղեկավարության հավաստմամբ, կապահովի ամենաօպերատիվ կապը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ սահմաններից դուրս գտնվող անձանց միջեւ: