01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդ գիտնականները կոչով դիմում են բոլոր քաղաքական կուսակցություններին

՛՛Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում՛՛ /ՊԳՖԱ/  ֆեյսբուքյան նախաձեռնությունն արդեն մեկ տարի գործում է: Նրանում ընդգրկված են երիտասարդ գիտնականներ, որոնք օրերս հանդես են եկել քաղաքական կուսակցություններին ուղղված կոչով, որում մասնավորապես ասվում է.

՛՛Առաջարկում ենք ձեր նախընտրական և ընդհանուր ծրագրերում ներառել գիտության ֆինանսավորմանն առնչվող հետևյալ կետը.

Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է անհապաղ կազմի Համախառն Ներքին Արդյունքի (ՀՆԱ) առնվազն 1 տոկոսը, հետագայում տարեկան 0.2 տոկոս աճի միտումով՛՛։

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում երիտասարդ գիտնականներ  Հայկ Իշխանյանը, Արթուր Մովսիսյանը եւ Արամ Ջիվանյանը բարձրաձայնեցին գիտության ոլորտում եղած անմխիթար վիճակի մասին:

՛՛Երիտասարդ գիտնականին հիմա ոչինչ  չի հրապուրում զբաղվել գիտությամբ, ֆինանսական գործոնը մեծ դեր է խաղում, 30 000  դրամ ստացող գիտնականը  չի կարող չմտածել սոցիալական խնդիրների մասին ու զբաղվել գիտությամբ: Ահա ինչու նրանց մեծ մասը լքում են Հայաստանը, որպեսզի արտերկրում լավ պայմաններում զբաղվեն գիտությամբ՛՛,- ասաց Արթուր Մովսիսյանը:

Ըստ երիտասարդ գիտնականների՝ վիճակը ցավալիորեն ծանր է, եւ եթե նոր ձեւավորվող խորհրդարանը անհրաժեշտ քայլեր չձեռնարկի գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, ապա Հայաստանում գիտական աշխարհը անկում կապրի:

Նրանց կարծիքով՝ թեեւ ըստ  Յունեսկոյի տվյալների՝  Հայաստանի գիտնականները աշխարհում արդյունավետության տեսակետից լավագույններից են համարվում, բայց այդ արդյունքը ապահովում են 59-60 տարեկանները, ՛՛հինգ տարի հետո ի՞նչ է լինելու՝ դատարկություն եվ անդունդ՛՛:

Ահա ինչու` երիտասարդ գիտնականները որոշեցին նախընտրական շրջանում կոչով դիմել այն բոլոր  քաղաքական կուսակցություններին, ովքեր իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են գիտության ֆինանսավորման ավելացում, շահարկելով ՛՛գիտելիքահեն հասարակություն՛՛, ՛՛մեր միակ ռեսուրսը գիտելիքն է՛՛ եւ այլ կոչեր:

Երիտասարդ գիտնականների խոսքով՝ կուսակցություններից առայժմ միայն երկուսն են արձագանքել նրանց կոչին՝ ՀԱԿ-ը եւ ՛՛Ժառանգությունը՛՛:

՛՛Ամիսներ առաջ ՀՀ նախագահն է արձագանքել մեր կոչին՝ խոստանալով տրամադրել հարյուր միլիոն դրամ: Իհարկե, դա յուրատեսակ օգնության ժեստ էր պետության ղեկավարի կողմից, սակայն ամիսներ են անցել, մեր ծրագիրը վաղուց պատրաստ է գործարկվելու,  գումարը դեռ չենք ստացել՛՛,- ասաց Հայկ Իշխանյանը՝ հավելելով, որ քաղաքական կուսակցությունների ու պետության աջակցությունը կարող է լինել ոչ միայն ֆինանսական միջոցների տրամադրման, այլ նաեւ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով:

՛՛Մենք գիտություն սկսելու խնդիր չունենք, մենք այն ունեցել ենք տասնյակ տարիներ, այդ ներուժը եղել է մրցունակ, մենք ունենք խնդիր այն վերականգնելու՛՛,- եզրափակեց Հայկ Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ