“Ժառանգությունը” զիջեց, բայց 2009-ի սխալը չի կրկնի
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ինքնաբացարկ հայտարարել եւ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի օգտին հանել իր թեկնածությունը:
“Ժառանգությունը” ցանկանում է մեծամասնական ընտրապայքարում ընդդիմության միասնական թեկնածուներով պայքարել` հաղթական ելք ապահովելու համար:
Բանակցությունները, ինչպես արդեն հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյունք չեն տվել: Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգութունը” մեծահոգաբար զիջել է թիվ 7-ում`ակնկալելով ՀԱԿ-ից պատասխան քայլ այլ ընտրատարածքներում, մասնավորապես, թիվ 4-ում, որտեղ առաջադրվել են “Ժառանգությունից”` Զարուհի Փոստանջյանը, եւ ՀԱԿ-ից` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նկատենք, որ այստեղ Զարուհի Փոստանջյանն Արամ Մանուկյանից ավելի շուտ Է ներկայացրել իր փաստաթղթերն ու առաջադրվել: Հավելենք նաեւ, որ թիվ 7-ում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման հետ կապված ՀԱԿ-ը տարակուսանք հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանն էր ավելի վաղ առաջադրվել եւ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ փաստը պետք է հաշվի առներ:
Մեզ հասած տեղեկություններով “Ժառանգությունը” հաղթական ելքի ակնկալիքով Սասուն Միքայելյանի դեմ թեկնածու չի առաջադրել, նույն տրամաբանությամբ նաեւ չի առաջադրել իր թեկնածուին Խաչատուր Սուքիասյանի հետ:
Եվ այն ընտրատրատարածքներում, որտեղ “Ժառանգությունն” իր թեկնածուին հաղթող է համարում, ՀԱԿ-ից զիջում է ակնկալում: Օրինակ, թիվ 4-ում, որտեղ առաջադրվել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որին համարում են պակաս մրցունակ:
Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգությունը” հաշվի է առել Երեւանի ավագանու ընտրությունների դասը եւ եթե , այդուհանդերձ, ՀԱԿ-ից պատասխան քայլ չլինի, “Ժառանգությունը” 2009 սխալը չի կրկնելու: Մեր աղբյուրի փոխանցմամբ, “Ժառանգությունը” “հին դեմքերով” ընտրություններին մասնակցելը համարում է ոչ հաղթական: