Շատ խիստ էր. Մարգար Օհանյանի փաստաբանը` դատախազի առաջարկած պատժաչափի մասին
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի առաջարկած պատիժը խիստ է համարում: Փաստաբանն այս մասին այսօր ասաց Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստից հետո, որի ժամանակ ընթերցվեց մեղադրական ճառը:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Մարգար Օհանյանի համար որպես պատիժ պահանջեց 8 տարվա ազատազրկում` գույքի կեսի բռնագրավմամբ:
“Գտնում եմ, որ խիստ էր: Ես իմ ճառում մանրամասն կանդրադառնամ, համենայն դեպս, շատ խիստ էր”,- նշեց Մկրտիչ Վասակյանը: Հարցին, թե եթե Մարգար Օհանյանն ընդուներ մեղադրանքը, արդյո՞ք դատախազի վերաբերմունքն ավելի մեղմ կլիներ, փաստաբանը պատասխանեց.”Երեւի”: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ առաջադրված հոդվածների համար նախատեսված սանկցիաներն էլ բավակնին խիստ են եւ սա եւս մեծ նշանակություն է ունեցել:
Henaran.am -ի հարցին, թե արդյո՞ք պաշտպանական ճառում պնդելու են Ալիկ Սարգսյանի հետ կապված Մարգար Օհանյանի արած հայտարարությունը, փաստաբան Մկրտիչ Վասակյանը պատասխանեց. “Հիմա չեմ ուզում ոչինչ ասել, կլսեք, ամեն ինչ պարզ կլինի”:
Henaran.am -ի մյուս հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք դատարանից պատժի մեղմացում, փաստաբանը պատասխանեց.”Անպայման, դատարանն ամեն դեպքում ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինն է”:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, գուցե Մարգար Օհանյանի գործով դատավարությունը քաղաքական ենթատե՞քստ ունի: Փաստաբանն ասաց, որ չի կարծում, թե Մարգար Օհանյանի դատավարությունը քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, որովհետեւ Մարգար Օհանյանը “քաղաքակնության մեջ չկա”: