ՕԵԿ-ը 160 հազար անդամ ունի … Բա ասում եք արտագաղթ կա
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ բանավեճի ժամանակ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե իրական պայքարն այսօր ընթանում է ոչ թե իշխանություն ընդդիմություն դաշտում, այլ` կոալիցիայի ներսում` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի եւ ընդդիմության տարբեր թեւեր ներկայացնող քաղաքական ուժերի միջեւ, ասաց.” Թող գնա, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, իսկ ինչո ՞ ւ “Օրինաց”-ին չեք ասում”:
Լրագրողներից մեկը Այվազյանի տարակուսանքը փարատելու համար կես լուրջ, կես հեգնական նկատեց, թե ՕԵԿ-ը լուրջ չի ընդունվում: Վարդան Այվազյանը կոալիցիոն գործընկերոջ թասիբը պահեց.”Ես լուրջ եմ ընդունում, ժողովուրդը լուրջ է ընդունում”: Մի լրագրող էլ կողքից ռեպլիկ արեց, թե ՕԵԿ-ը հայտարարում է, որ 160 հազար անդամ ունի:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այս դիտարկումն անմիջապես որսաց եւ օգտագործեց իր ընդդիմախոսի դեմ, թե.”Բա ասում եք արտագաղթ կա”: Անուշ Սեդրակյանը բանավեճի ընթացքում անդրադարձել էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ու արտագաղթի ծավալներին: