Այս տարի աճել է խաղողի մթերման գինը
Այս տարի ավելացել են գյուղատնտեսության ոլորտում մթերման եւ արտահանման ծավալները: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով ներկայացրեց մթերման եւ արտահանման ցուցանիշները:
Այսպես. 2011թ-ին վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 194 հազար տոննա պտուղ-բանջարեղեն` 2010թ-ի 154 հազար տոննայի դիմաց: Ձեռքբերումներ են արձանագրվել խաղողի մթերման գնի հետ կապված, մթերման միջին գինը կազմել է 131,9 դրամ` նախորդ տարվա 124, 4 դրամի փոխարեն: Գյուղփոխնախարարը նշեց, որ փորձելու են պահպանել այդ գինը, եւ տարեցտարի որոշակիորեն ավելացնել խաղողի մթերման գինը:
Պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է 61 հազար տոննա, որից 50 հազարը` լոլիկ, 25 հազարը` պտուղ, որից 10 հազարը` ծիրան, 5 հազարը դեղձ եւ 300 տոննա խնձոր:
Պահանջարկը արտահանման մասով կազմել է 37 հազար տոննա, որից 16 հազար տոննա` ծիրան, , 1500 տոննա դեղձ, 11,500 տոննա խաղող, 4400 տոննա բանջարեղեն: Պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը 21,500 տոննայով ավել է եղել, քան նախորդ տարի, իսկ մթերման ծավալը 18 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը:
Ռոբերտ Մակարյանի խոսքով`գյուղատնտեսության աշխուժացման առումով մեծ արդյունքներ են տվել կազմակերպվող տոնավաճառները, որոնց թիվը նախատեսվում է ավելացնել: Գյուղփոխնախարարը նշեց նաեւ, որ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է գյուղացիական տնտեսություններին տրամդրել 61 միավոր տեխնիկա: